Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկը Կոթի գյուղից

Սեպտեմբեր 16,2022 12:00

1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջխորհուրդների պատգամավորների միահամուռ որոշմամբ, ԽՍՀՄ սահմանադրության դրույթների համաձայն, ընդունվեց անկախության հռչակագիրը, որը սվիններով դիմավորեց Ազարբայջանը։ Գործը հասավ նրան, որ արհեստածինը ինքնագլուխ, մի արհեստածին որոշումով հայտարարեց՝ այլեւս ԼՂԻՄ-ը գոյություն չունի, այն լուծարված է։ ԽՍՀՄ պետխորհուրդը հակասահմանադրական համարեց նոյեմբերի 23-ի այդ չարաբաստիկ որոշումը։ Իրավիճակը օրեցօր անվերահսկելի էր դառնում, ավելի սրվում, լարվում։ Սեփական զինուժի ստեղծումը Հայաստանի համար դառնում էր ժամանակի պահանջն ու հրամայականը։ Այդ ժամանակ հատվածի կամավորական շարժումը ինքնաբուխ էր, որի հենքի վրա էլ կազմավորվեց հայկական ազատագրական բանակը։ Հայրենասեր կամավորականների շարքերում էր նաեւ ազատամարտիկ Սոս Ղազարյանը։

Ղազարյանների ուսումնատենչ ընտանիքը լայն ճանաչում ու հարգանք է վայելում Կոթի գյուղում։ Նախ՝ նրա համար, որ ամուսիններ Սմբատն ու Էլիչկան մեծացրել, դաստիարակել են յոթ զավակ՝ հինգ ուստր, երկու դուստր։ Երկրորդ կարեւոր հանգամանքն էլ այն է, որ բոլորն էլ ստացել են բուհական կրթություն՝ ԵՊՀ, ԵրՊԻ, Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարան, իսկ նրանցից մեկն էլ հայտնվել է Էստոնիայի մայրաքաղաքի (Տալին) պոլիտեխնիկական ինստիտուտում։ Այսօր շատերն են պոզ ու պոչ կպցնում «տոտալիտար ժամանակներին», սակայն այն տարիներին բարձրագույն կրթությունը «մոդայիկ» էր համարվում։ Եթե ծուռ նստենք, շիտակ խոսենք, ապա կասենք՝ այն ժամանակ որոշ չափով բան ու գործ կար. ե՛ւ քաղաքում, ե՛ւ գյուղում։ Սոսի՝ Լավրենտի եղբայրն այդ թվերին Երեւանի գլխավոր ճարտարապետն էր։ Եվ եթե փորձենք Ղազարյանների ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի մասին մի երկու տող գրել, ապա մի հրաշալի վիպակ կստացվի։ Ուստի եկեք վերհիշենք, թե ինչպես եղավ, որ մեր խաղաղ կյանք ներխուժեց պատերազմը։

Հեռավոր Մուրմանսկում ծառայությունն ավարտելուց հետո Սոս Ղազարյանը վերադարձավ հայրենիք։ ԵՊՀ-ի արեւելագիտության ֆակուլտետի շրջանավարտը մեկն էր նրանցից, ով որպես ազատամարտիկ պայքարի ելավ հանուն հայրենի երկրամասի ազատագրման։
90-ականների սկզբին թուրք-թաթարների մնացորդները Տավուշի սահմանամերձ գոտու երկայնքով վերահսկողություն էին սահմանել, անհանգստացրել խաղաղ բնակչությանը։ Սակայն Սոսը կրտսեր եղբոր՝ Վարդանի, Արմեն Հախվերդյանի եւ գյուղի քաջ տղաների շնորհիվ քշեցին անկոչ հյուրերին։

Այդ տարիներին հինգ եղբայրներն էլ իրենց մասնակցությունը բերեցին ռազմական գործողություններին՝ լիներ դա սահմանին, թե հայթայթման եւ մատակարարման գործում։ Այնուհետեւ արեւելագետ Սոսը գերադասեց մեկնել արեւելք՝ Արցախի համար մարտնչելու։ Ինչպես հաճախ է պատահում, իսկական կռվող ռազմիկը չի սիրում պատմել իր մարտական ուղու մասին։ Սոսը հենց այդպիսիներից էր։ Մտերիմներից հասած կցկտուր տեղեկություններից հայտնի է միայն, որ մասնակցել է Քարվաճառի, Օմարի լեռնանցքի, Լաչինի եւ այլ մարտերին։ Արժանացել է մեդալների, շնորհակալագրերի… Նրան ճանաչում եւ նրա մասին կարող էին պատմել լեգենդար Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս), գեներալ-մայոր Սեմյոն Հակոբյանը…, արցախյան պայքարի հերոսները, որոնք, ցավոք, այլեւս մեզ հետ չեն։ 2021թ. կյանքին հրաժեշտ տվեց նաեւ Սոս Ղազարյանը։

44-օրյա պատերազմի արձագանքը

2020թ. հոկտեմբերին Սոսը մեկնեց Վայք՝ լրացնելու կամավորական ջոկատների շարքերը, բայց մեկ շաբաթ անց նրան «զորացրման» ենթարկեցին։ Նկատի էին ունեցել 70-ամյա պատկառելի տարիքը։ Ինչպես հետագայում պարզվեց, ոչ միայն նրան չթույլատրեցին մասնակցելու, այլեւ շատ շատերին։ Արգելելու որոշումը կայացվել էր դեռեւս մայրաքաղաքում։ 44-օրյա պատերազմի պարտության հանգամանքները, ուշ թե շուտ, անպայման կբացահայտվեն։

Այդ ողբերգության արձագանքը խորը հետք թողեց, մեծ վիշտ պատճառեց ոչ միայն անմիջական մասնակիցներին, այլեւ Ղարաբաղի համար մարտնչած վետերաններին, որոնց արյան գնով ազատագրածը դավադիր եւ ոխերիմ բարեկամի, ոխերիմ թշնամու եւ ներքին սեւ ուժերի անմիջական համագործակցությամբ մատնվեց դառը պարտության։ Սոսն իր զինակիցների հետ էր բացել Լաչինի միջանցքը… Անպատմելի է, թե որքա՜ն ցավ կապրեր նա այսօր։

ԼՂՀ անկախության հռչակագիրը Հայաստանի լուսավոր էջերից մեկն է, որը միացյալ ուժերով 1991թ. սեպտեմբերի 2-ին կյանքի կոչեցին Արցախը, Հայաստանը եւ Սփյուռքը։ Իսկ «յան» ազգանունով ոմանք, որ այլ կերպ են մտածում, ասենք՝ տիկնայք եւ պարոնայք, գիտցեք. պատմությունն ինքը բոլոր հնարավոր միջոցներով կպարզաբանի, թե ով ով էր եւ ինչն ինչ էր։ Եվ կգա այն ժամանակը, որ քաղաքականությունը կզիջի իրավականին։

Գուրգեն ԼՈՌԵՑԻ

«Առավոտ» օրաթերթ
15.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930