Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, ըստ Սահմանադրական դատարան դիմող քաղաքացու, ապացույցներն իրավաչափ համարելով, գործնականում կիրառել է 12.01.1999 թ. ՀՕ-248 օրենքով ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի, 115-րդ հոդվածի 1-ին մասի, 116-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները, իսկ վերադաս դատարաններն իրենց դատական ակտերով հաստատել են: Դիմողի տեղեկացմամբ՝ մեղադրանքից պաշտպանվելու, իր պաշտպանությունը նախապատրաստելու եւ պաշտպանվելու հնարավորություններ ունենալու Սահմանադրությամբ ամրագրված իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ էին պատշաճ կառուցակարգեր եւ իրական հնարավորություններ՝ հեռախոսային խոսակցությունների կատարման, գաղտնալսման ամփոփաթերթերը ստեղծելու, վերարտադրելու վերաբերյալ, հեռախոսային խոսակցությունների վերահսկում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու վերաբերյալ արձանագրություն կազմելու, հեռախոսային հաղորդակցության գաղտնալսումների բուն ձայնագրությունները իրեղեն ապացույց դիտարկելու, ճանաչելու եւ դրանք քրեական գործին կցելու ու պաշտպանական կողմին ու դատարան ներկայացնելու: Նա նշել էր. «Այս դիմումի հիմքում ընկած գործով դիմողիս մեղավորությունը հաստատող եւ դատապարտող դատավճռի փաստական հիմքի կարեւորագույն բաղադրիչը հաստատվել է համամեղադրյալների միջեւ տեղի ունեցած հեռախոսային հաղորդակցության գաղտնալսումներով լազերային սկավառակների եւ դրանց ամփոփագրերի զննության արձանագրություններով»: Դիմողը տեղեկացրել էր, որ առաջին ատյանի դատարանը գնահատել է, ի թիվս այլ ապացույցների, այդ ապացույցի իրավական հիմքերի օրինականությունը՝ թույլատրելիությունը եւ հանգել է այն եզրակացության, որ այն համապատասխանում է օրենքին:
«Հեռախոսային խոսակցությունների վերահսկում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումը», գաղտնալսումներ կատարելը, գաղտնալսման ամփոփաթերթերը ստեղծելու, վերարտադրելը դատավարական գործողություն չդիտարկելը կամ արձանագրման ոչ ենթակա դատավարական գործողություն դիտարկելը, հեռախոսային հաղորդակցության գաղտնալսումների բուն ձայնագրությունները իրեղեն ապացույց չդիտարկելը, դրանք քրեական գործին չկցելը եւ պաշտպանական կողմին ու դատարան չներկայացնելը, ըստ դիմողի, սահմանափակում է արդար դատաքննության իրավունքի՝ «Մրցակցային դատավարության», «Մասնակիցների իրավահավասարության իրավունքի» բաղադրատարրերից, «Վարույթին արդյունավետ մասնակցությունը», «Զենքերի հավասարությունը», «Անմիջականության սկզբունքը», «Պաշտպանության նախապատրաստումը», «Բավարար հնարավորությունները»:
2022 թվականի օգոստոսի 2-ին Սահմանադրական դատարան էր մուտքագրվել Զ. Ալիխանյանի դիմումը, որով դիմողը խնդրել է. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61 եւ 63, 67 ու 3, 75, 80, 81-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր ճանաչել ՀՀ 01.09.1998թ. «Քրեական դատավարության» ՀՕ-248 օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասը իրավակիրառական պրակտիկայի կողմից տրված այն բովանդակությամբ, որ դատավարական գործողություն չի դիտարկվում կամ արձանագրման ոչ ենթակա դատավարական գործողություն է դիտարկում՝ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում՝ օպերատիվ հետախուզական միջոցառումը», գաղտնալսումներ կատարելը, գաղտնալսման ամփոփաթերթերը ստեղծելը (տպելը), վերարտադրելը: Ըստ դիմողի. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61 եւ 63, 67 ու 3, 75, 80, 81-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր ճանաչել ՀՀ 01.09.1998թ. «Քրեական դատավարության» ՀՕ-248 օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասը իրավակիրառական պրակտիկայի կողմից տրված այն բովանդակությամբ, որ հեռախոսային հաղորդակցության գաղտնալսումների բուն ձայնագրությունները չի դիտարկում քրեական գործի հետ պահվելու եւ պաշտպանական կողմին ու դատարան ներկայացնելու ենթակա իրեղեն ապացույց»:
Դիմողը նշում է, որ հակառակ պարագայում առկա իրավակարգավորումները՝ դատավճռի հիմքում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման երրորդ անձի կամ անձանց կողմից սեփական ընկալմամբ շարադրանքը դատավճռի հիմքում դնելը, հեռախոսային խոսակցությունների կատարման, գաղտնալսման ամփոփաթերթերը ստեղծելու, վերարտադրելու վերաբերյալ, հեռախոսային խոսակցությունների վերահսկում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու վերաբերյալ դատավարական գործողությունները չարձանագրելը համահունչ չեն լինի հիմնական իրավունքների եւ ազատությունների իրականացման կազմակերպական անհրաժեշտ կառուցակարգերի եւ ընթացակարգերի՝ Սահմանադրության 75-րդ հոդվածով ամրագրված պահանջին: Ըստ այդմ, սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթները չեն ապահովում եւ պաշտպանում իր՝ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 67-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքները:
Կարդացեք նաև
ՍԴ աշխատակարգային որոշման համաձայն, այս դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմողը, ըստ էության, բարձրացնում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, վերաքննիչ քրեական դատարանի որոշումների օրինականության, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, վերաքննիչ քրեական դատարանի գործողությունների իրավաչափության հարցեր։ Մասնավորապես, դիմողի կողմից ներկայացված հիմնավորումները հանգում են նրան, որ քրեական գործով հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումը, գաղտնալսումներ կատարելը, գաղտնալսման ամփոփաթերթերը ստեղծելը, վերարտադրելը չեն դիտարկվել դատավարական գործողություններ, իսկ հեռախոսային հաղորդակցության գաղտնալսումների բուն ձայնագրությունները չեն դիտարկվել իրեղեն ապացույց, չեն կցվել քրեական գործին եւ չեն ներկայացվել պաշտպանական կողմին եւ դատարանին, մինչդեռ նման պայմաններում Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը 2020 թվականի փետրվարի 7-ի դատավճռով, որն այնուհետեւ անփոփոխ է թողել վերաքննիչ քրեական դատարանն իր 2021 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ, դիմողին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար:
Սեպտեմբերի 6-ին Զոհրաբ Ալիխանյանի դիմումը՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ, գործի քննությունը մերժել է։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.09.2022