Լրահոս
Օրվա լրահոսը

Վերիշենի բնակիչ. «Ասում են՝ Սյունիքը չկա, եկեք մի գիշեր մնացեք, գոնե ժողովրդի թևերը մի կոտրեք»

Սեպտեմբեր 15,2022 23:58

«Իմ տղան Երևան է, ամեն րոպե ասում է՝ գամ ձեզ տանեմ, ես և ամուսինս մեծ մարդիկ ենք, ասում եմ՝ մենք դիմադրում ենք, մենք էլի մեր գործը անում ենք, ստիպված ենք»,- Aravot.am-ին իրավիճակը այսպես ներկայացրեց Վերիշենի բնակիչ Ջուլիետա Ասատրյան։

Տիկին Ջուլիետան պատրաստվում էր արդեն քնել, երբ սկսվեցին կրակոցի և պայթյունների ձայները, ասում է տպավորություն կար, որ քարայրի քերծերը լրիվ փլվել են. «Չէինք սպասում։ Ժամը 12-ին քանի պակաս նոր մտած անկողին, լսեմ՝ ըհը, գմփոց։ Ասեմ՝ էս սալյուտ են անում, երևի ուրախություն կա, բան կա։ Պատուհանը բացեմ, տեսնեմ՝ չէ, արդեն սկսեցին։ Հիմա վեր եմ կացել ամուսնուս ասում եմ՝ վեր կաց, ա՜յ մարդ, մեծ մարդ ես, վեր կաց գնա նկուղը։ Ասում ա՝ ես ուզում եմ լա մեռնեմ։ Խի՞ ես ուզում մեռնես, արի՛։ Դե վերջը չեկավ, նորից եմ ասում՝ ես վախենում եմ, արի՛ գնանք։ Դե, որ չեկավ, մենք էլ մնացինք կանգնած, էն 2 տունը, որ պոժառ ա ընկել, ես պատուհանից նայում էի ոնց որ կինոյում, էն որ սենց ալավ ա, կրակ ա, երկու տեղ, ես կարծեցի՝ հիվանդանոցն ա»։

Վերջին անգամ Վերիշենը նման հարվածի էր ենթարկվել 1992 թվականին. «Էլի մենք սենց, էլի մենք մեր գործը անում էինք, բայց կրակը ամբողջ Գորիսով է՜, քանի տուն էր ցրիվ եկել։ Բայց մենք ոնց որ հարմարվում ենք, թե ինչ ենք անում»։ Այս օրերին ինչպես 90-ականներին, իրենք շարունակել են կատարել իրենց առօրյա գործերը։

Այնուամենայնիվ, տիկին Ջուլիետան հրաժարվում է Երևան տեղափոխվել. «Ես ասում եմ՝ ես էստեղ եմ՝ իմ հողում, իմ ջրում, իմ տանը։ Ինչ կլինեմ, կլինեմ։ Ես գնամ երրորդ հարկում մի սենյականոց տանը ի՞նչ անեմ։ Ես չեմ գնա։ Ինչ կլինի, ստեղ կլինի»։

Իրեն անհանգստացնում են Երևանում տեղի ունեցող ցույցերը. «Հրապարակում, որ կանգնում են, խոսում, նրանց կուզենամ գնալ ասել՝  մեկդ եկեք, ես ձեզ տանեմ, պատվեմ մեր տանը, միայն տեսեք՝ դրությունը ոնց է։ Եկեք էնտեղ։ Ասում են՝ Սյունիքը չկա, եկեք մի գիշեր մնացեք, գոնե ժողովրդի թևերը մի կոտրեք։ Ես ձեզ խնդրում եմ՝ մի քիչ հանդարտվեք, տեսեք՝ էս դրությունը ի՞նչ է դառնում։ Գոնե մի քիչ խոսակցությունը կտրեցեք»։

 Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930