Ադրբեջանական հրետակոծության հետեւանքով Հայաստանի երեք մարզերում՝ Սյունիքի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի համայնքներում վնասվել են բնակելի շենքեր ու ենթակառուցվածքներ։ Երկու օրում Սյունիքի մարզում, մասնավորապես բնակելի տներ, ավտոմեքենաներ ու կենսական անհրաժեշտություն ունեցող ենթակառուցվածքներ են վնասվել։ Ըստ Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանի՝ հրետակոծվել է Տեղ համայնքի Քարաշեն բնակավայրի հանդիսությունների սրահը, Գորիս համայնքի Ակներ բնակավայրում հրետակոծությունից մեկ բնակելի տուն է վնասվել, Վերիշեն բնակավայրում վնասվել է 3 բնակելի տուն, եւս մեկ տան ապակիներն են ջարդվել,
«Սիսիան համայնքի Վաղատին, Որոտնավան, Շամբ, Դարբաս, Գետաթաղ, Լոր, Լեռնաշեն, Դաստակերտ բնակավայրերը սպասարկող 110 կիլովոլտանոց եւ 35 կիլովոլտանոց ենթակայանների սնուցման էլեկտրասյունների մալուխներն վնասվել, ինչպես նաեւ Կապան համայնքի Ներքին Հանդ, Ծավ եւ Շիշկերտ բնակավայրերը սնուցող էլեկտրամատակարարման գծերը, որոնք արդեն վերականգնվել են։ Վնասվել է Տեղ համայնքի Վաղատուր բնակավայրի գազատարը, որը նույնպես նորոգվել է»,-ասաց Էդգար Մարտիրոսյանը։
Կարդացեք նաև
Վնասվել է Սիսիան համայնքի Նորավանից դեպի Աղիտու տանող ճանապարհը։ Այն Նորավանի գերեզմանոցի հարեւանությամբ է անցնում, եւ ըստ այդմ՝ վնասվել է բնակավայրի գերեզմանոցը։ Նորավանում նաեւ քաղաքացու սեփականություն հանդիսացող ավտոմեքենա է վնասվել։ Կապանի բժշկական կենտրոնի շտապ օգնության մեքենաներից մեկը հրետակոծության է ենթարկվել Կապան-Ճակատեն ճանապարհին, Ճակատեն-Շիկահող ճանապարհին։
Սյունիքի մարզում վիրավորվել եւ զոհվել են խաղաղ բնակիչներ։ «Սեպտեմբերի 14-ի տվյալներով ունեցել ենք 2 վիրավոր քաղաքացիական անձանց շրջանում եւ մեկ զոհ։ Զոհվել է Գեւորգ Մարտիրոսյանը, որը Սիսիանի Նորավան բնակավայրից է, վիրավորներից մեկը Տեղ համայնքից Արթուր Մարությանն է, իսկ մյուսը Գավրուշ Մովսիսյանը՝ Սիսիան համայնքից»,-նշեց Էդգար Մարտիրոսյանը։
Նշենք, որ ըստ Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակի ֆեյսբուքյան գրառման, սեպտեմբերի 16-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարները կայցելեն ադրբեջանական վերջին ագրեսիայի հետեւանքով տուժած շրջաններ:
Արմեն ԴԱՎԹՅԱՆ