Լրահոս
Օրվա լրահոսը

Վերիշենում 4-5 հրթիռ ընկել է գյուղը, բացի դրանից` հարյուրավոր հրթիռներ են ընկել գյուղից 700-800 մետր վերև

Սեպտեմբեր 15,2022 23:13

«Վերիշենում, Ակներում՝ ոչ մի խուճապ»,- սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց Վերիշեն համայնքի վարչական ղեկավար Արտակ Զադայանը։

Նա նշեց, որ սեպտեմբերի 14-ի երեկոյան ժամը 8-9-ից ոչ մի կրակոց չի եղել. «Գյուղում խուճապ չկա։ Մի քանի ընտանիք մանկահասակ երեխաներին տարհանել են Գորիս, մեկ էլ մեր քարանձավները»։

Արտակ Զադայանը նշեց, որ գյուղում չորս բնակելի տուն է վնասվել. «4, թե 5 հրթիռ ընկել է գյուղը, բացի դրանից` գյուղից 700-800 մետր վերև հարյուրավոր հրթիռներ են ընկել։ Երեկ ժամը երեքի կողմերը մի քաղաքացիական անձ ունենք վիրավոր. մեր տղերքին օգնելու պահին երեք հատ արկ է ընկել այդ պահին։ Ներկա պահին հիվանդանոցում է, բեկորային վնասվածք է ոտքից, կյանքին վտանգ չի սպառնում»։

Նա ընդգծեց, որ նման բան չի եղել ո՛չ Ապրիլյան, ո՛չ 44-օրյա պատերազմների ընթացքում. «Մեկ էլ 90-ականներին է եղել, երկու զոհ ենք ունեցել»։

Արտակ Զադոյանի խոսքով՝ այժմ գյուղի բնակիչները վերադարձել են իրենց առօրյա կյանքին։

Վարչական ղեկավարը մտահոգված է, որ Վերիշեն և Ակներ գյուղերը սահմանամերձ չեն ճանաչվում. «Ես մարզպետի հետ էլ եմ խոսել, ասաց՝ կառավարությանը դիմել ենք, մինչև հիմա պատասխան չկա»։

Նա նշեց, որ չի հասկանում, թե ինչու գյուղերը սահմանամերձ չեն ճանաչվում. «Վերիշենի վարչական տարածքից մոտ 1500 հա 2021 թվականի մայիսի 12-ից Ադրբեջանի վերահսկողության տակ է։ 8.4կմ  հատված ունենք Ադրբեջանի Հանրապետության տարածքի հետ։ Զուտ Վերիշենի վարչական տարածքը։ Մոտավորապես 1.3կմ էլ Ակները ունի։ 10կմ հատված է՝ Վերիշեն, Ակներ՝ Սև լճի ամբողջ երկայնքով»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930