Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի». Ֆրանսիայի ներկայացուցիչ՝ ՄԱԿ-ում

Սեպտեմբեր 15,2022 22:55

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում, որը հրավիրել էր այդ կառույցում նախագահող Ֆրանսիան, քննվում էր հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը: «Ֆրանսիան մտահոգված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանին եղած ռազմական գործողություններով, որի արդյունքում տասնյակ մարդիկ են զոհվել, գնդակոծման են ենթարկվել քաղաքացիական բնակավայրեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ Հայաստանի տարածքում: Խոսքը 2020 թվական պատերազմից հետո եղած ամենախոշոր ռազմական բախման մասին է: Այս լարվածության ֆոնին Ֆրանսիան իր գործընկերների հետ ջանքեր է գործադրում կրակի դադարեցումը պահպանելու համար»,- ասաց ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվիերը:

Հավելեց, որ նախագահ Մակրոնը բանակցությունների մեջ է եղել ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ, նաեւ զրույցներ ունեցել իր  հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ:

Ֆրանսիայի ներկայացուցիչն ընդգծեց, որ ադրբեջանական ուժերը պետք է վերադառնան նախնական դիրքեր, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծումն եւ սահմանազատումը պետք է իրականացվեն բացառապես բանակցությունների ճանապարհով եւ ոչ թե ռազմական բախումների. «Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի, կողմերը պետք է ակտիվացնեն երկխոսությունը, որպեսզի հարցերը լուծվեն խաղաղ ճանապարհով, առանց նոր միջադեպերի»:

Նա կոչ արեց չխոչընդոտել մարդասիրական գործողությունների իրականացմանը, նաեւ ողջունեց  5 հայ գերիների վերադարձը: Նշեց, որ որպես Մինսկի խմբի համանախագահ եւ ԵՄ անդամ երկիր՝ Ֆրանսիան բոլոր ջանքերը կգործադրի տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ, նաեւ կարեւորեց, որ երկու երկրները հավատարիմ մնան նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930