«Կռիվը համ սահմանում է, համ էստեղ է»,- ԱԺ շենքի մոտ, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ինքնաբուխ ցույցի մասնակիցներին այսօր իր ելույթում դիմեց հանրային գործիչ Ավետիք Չալաբյանը՝ հավելելով, որ երեկ տեղի ունեցած հավաքն օգնել է, որ «կռիվը կանգնի», քանզի այն ի ցույց է դրել մեր միասնականությունն ու միակամությունը՝ «Երեւանն ու Հայաստանը պատրաստ են կռվի, Երեւանն ու Հայաստանը չի հանձնվելու, կռվելու ենք, զոհվելու ենք, բայց մեր պատիվը պահելու ենք»:
Ավետիք Չալաբյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը իշխանության են եկել մանիպուլյացիայի ու դեմագոգիայի արդյունքում, ազգը բաժանել են սեւի ու սպիտակի՝ իրենց սպիտակ ներկայացրել՝ հոգում սեւ լինելով. «Սկզբում Սերժ էին սեւացնում, հետո՝ ՀՀԿ-ին, հետո՝ Կաթողիկոսին ու եկեղեցուն, պրոֆեսորներին, գիտնականներին… էս երկրում մարդ չմնաց սեւացնեն, որպեսզի իրենք երեւան սպիտակ»: Վկայակոչելով այսօր, խորհրդարանում, իշխող ուժի պատգամավորների «հոխորտացող» պահվածքը, բանախոսն ասաց, որ չի ցանկանում, որ մարդիկ վրեժխնդիր լինեն, այլ ցանկանում է, որ իշխող ուժի ներկայացուցիչներին բացատրենք ու համոզենք, որ առանց իրենց՝ մենք ավելի լավ Հայաստան ենք ունենալու:
«2016 թվականին, չլինելով իրենց ենթակայության տակ, մեր բանակը շատ ավելի լավ կռվեց: Հիշեք՝ ինչ ոռնոց էին բարձրացրել, որ 800 հա հող է հանձնվել, գիտե՞ք իրենք ինչքան են հանձնել՝ 800 հազար հա. 44-օրվա մեջ դուք հազար անգամ ավելի շատ հող եք հանձնել: Մեր բանակը շատ ավելի լավն է, եթե մեր բանակը ղեկավարեն ոչ սրանք ու սրանց դրածոները, մեր բանակը կկարողանա վերականգնվել: Հայտնի բան կա՝ ավելի լավ է առյուծը կառավարի ոչխարներին, քան ոչխարները առյուծների գլխին կանգնեն. մեր բանակը ոչխարները չպիտի կառավարեն, մեր բանակը առյուծները պիտի ղեկավարեն: Մեր գլխավոր գերագույն հրամանատարը պետք է առյուծ լինի, որովհետեւ մեր տղերքն են առյուծ ու պիտի առյուծի ենթակայության տակ կռվեն»,- ասաց Ավետիք Չալաբյանը՝ հավելելով, որ բանակում առյուծ են «մանումենտի Կյաժից» սկսած մինչեւ այն գեներալները, ովքեր կռվել են մարդի դաշտում, ոչ թե նստել են բունկերներում:
Չալաբյանն ընդգծում է՝ բանակի վրա պետք է «իրական փող» ծախսել, վերջ տալ հող կորցնելու պայմաններում Երեւանում այգի սարքելուն, որ ձայներ հավաքեն. «Այսօր փողը պետք է դրվի զենքի մեջ, զորքի մեջ, զորամասի մեջ, մեզանից յուրաքանչյուրին մարզելու մեջ, որովհետեւ այդ ժամանակ է, որ թուրքը մեզնից վախենալու է, տեսնելու է, որ այս ամբողջ ազգն է կռվող, ազգն է բանակ»: Նա բերեց Շվեյցարիայի, Իսրայելի օրինակները, որոնք քիչ բնակչությամբ կարողացել են հաղթել իրենցից անհամեմատ ավելի շատ բնակչություն ունեցող երկրների՝ փաստելով, որ մենք ինքներս պետք է հասկանանք, որ խեղճ չենք, մեղք չենք, մանավանդ, որ Հայաստանում այսօր մշակվել եւ իրականացվում են ժամանակակից տեխնոլոգիական զենքերի արտադրություն:
Կարդացեք նաև
Ավետիք Չալաբյանը հայտարարեց, որ Հայաստանում ռազմարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններն այս երկու օրերին դիմել են ՀՀ ՊՆ-ին՝ օգնություն առաջարկելով, նախարարությունից պատասխանել են՝ մենք ոչ մի բանի կարիք չունենք, այն պարագայում, երբ ներքեւներում ասում են՝ եկեք՝ հասեք. «Մարդիկ պահեստներում ունեն արտադրած սպառազինություն, որը ՊՆ-ն իրենցից չի առնում: Ես պատրաստ եմ դատարանում դա փաստերով ապացուցել: Երեկ Կարեն Սիմոնյանը հայտարարում է՝ մեր տարածք ներխուժում չի եղել, երեկ, Ջերմուկը գնում էր արդեն, հազիվ են հետ բերել. Ջերմուկը սահմանից 10 կմ է, ո՞նց չի եղել, դուք շարունակում եք խաբել: Սուրեն Պապիկյանը երեկ չէ առաջին օրը հայտարարեց՝ բանակը ոչ մի բանի կարիք չունի, իրա հայտարարության պահին, մեր հիմնադրամը ՊՆ-ից հայտ ստացավ, որպեսզի իրենց օգնենք: Համատարած սուտ, մենք այս ստի շղթան պետք է կտրենք»:
Իր աշխատանքային փորձից ելնելով, Ավետիք Չալաբյանը վստահեցնում է՝ մեծ ներուժ ունենք, միայն պետք է կանգնել բանակի կողքին, զինվել վճռականությամբ եւ համբերությամբ: Նա վստահեցրեց՝ իշխանությունը գնալու է արյունահեղության, երեկ էլ նման փորձեր են արել, բայց զգոն պետք է մնալ, որպեսզի թույլ չտալ իշխանությունը մեզ գերեզման տանի:
Հիշեցնենք, սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանի՝ Հայաստանի վրա հարձակում սկսելու օրը, 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն ու հարազատները ինքնաբուխ ցույց սկսեցին ԱԺ շենքի մոտ՝ պահանջելով՝ ՀՀ երեք նախագահների եւ Կաթողիկոսի միաբանություն եւ առաջնորդություն, որպեսզի հնարավոր լինի հեռացնել ՀՀ գործող իշխանությանը եւ կանխել Հայաստանին վերահաս վտանգը: Երեկ, երբ խորհրդարանում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է ստորագրել փաստաթուղթ, որով, ըստ էության, Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի մաս, կրքերը բորբոքվեցին, ԱԺ շենքի մոտ բազմահազարանոց ինքնաբուխ ցույց սկսվեց: Հավաքվածները պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Երեկ Փաշինյանի հրաժարականի պահանջով ինքնաբուխ հանրահավաքներ են տեղի ունեցել նաեւ Գյումրիում, Ստեփանակերտում, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան դիմաց:
44-օրյա պատերազմում զոհված Ռուբեն Պողոսյանի հարազատը՝ Եղիշե Զաքունցն էլ իր ելույթում ասաց, որ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը ուղիղ վկայությունն էր նրա, որ Արցախն ու Հայաստանը հանձնվում են եւ իշխանավորների այդ ծրագրի համար զոհում են մարդկային կյանքեր: Պատասխանելով իշխանական շրջանակներից ցուցարարներին հղված կոչերին՝ գնալ սահման, Եղիշե Զաքունցն ասաց՝ սահման կգնանք, երբ իշխանությունը փոխվի, մեր երկիրն ու թիկունքը պաշտպանված լինեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ