«Առաջարկում ենք վաղվանից շրջափակել բոլոր իշխանական կառավարման օբյեկտները, թույլ չտալ, որ նրանք շարունակեն իրենց հայրենակործան գործունեությունը»,- այսօր ԱԺ շենքի մոտ ինքնաբուխ ցույցի ժամանակ, իր ելույթում հայտարարեց 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հարությունյանի մայրը՝ Կարին Տոնոյանը: «Վաղվանից հայտարարել դասադուլ եւ գործադուլ: Կոչով դիմում եմ բոլոր գործատուներին, վաղը աշխատանքի մի թողեք ոչ ոքի, ձեր աշխատավարձը կպահպանվի: Հիմա միասին գնում ենք փրկելու մեր հայրենիքը: Մեզնից է կախված այն հզոր խմորումը, որը կծնի մեզ համար ամենավստահելի առաջնորդներին: Մենք շատ լավ գիտենք, որ այս պառակտումների պատճառն այն է, որ տարիներ շարունակ ժողովրդի մեջ կոտրել են վստահությունը որեւէ մեկի նկատմամբ: Մենք պետք է սկսենք այդ խմորումները: Մենք իրավական մեր ուժով գալու ենք եւ վերցնելու ենք բոլոր պետական շենքերը եւ դուք մնալու եք խաղից դուրս»,- ասաց նա:
Նա կոչ արեց նաեւ ոստիկաններին՝ մի քանի օրով լքել համազգեստը, կանգնել ժողովրդի կողքին, եւ երբ կգան իրական հայրենասերներ, իրենք ավելի պատվով կկրեն այդ համազգեստը. «Վաղը 8.30-ին մենք ձեզ սպասում ենք Հանրապետության հրապարակում՝ սկսելու մեր խաղաղ անհնազանդության ակցիաները, շրջափակում ենք կառավարությունը, նախարարությունները, Ազգային ժողովը, դատախազությունը, բոլոր այն կառույցները, որոնք պահում են այս իշխանիկին»:
Մինչ ճանապարհային քարտեզը ներկայացնելը, հավաքվածներից մի կին նախատեց՝ դուք ասում էիք՝ նախկինների վերադարձ չի լինելու: Կարին Տոնոյանը պատասխանեց, որ ինքը հիմա էլ է այդպես ասում, իսկ հարթակը, որեւէ մեկի սեփականությունը չէ, ինքն էլ հարթակում է երեկ՝ ծնողների հորդորով, քանի որ ինքն էլ բոլորի նման, երեկ զայրույթից դուրս էր եկել փողոց. «Որեւէ մեկը, որ մեզ կփորձի վերագրել որեւէ ուժի ծառա լինելը կամ այլ բան, չի ստացվելու, մենք մեր զավակների կյանքով ենք ապացուցել, թե ով ենք մենք եւ պատրաստ ենք մինչեւ վերջ կանգնելու, ինչպես մեր զավակները կանգնեցին՝ շատ լավ հասկանալով, որ իրենց դավաճանել են, խաբել են»: Նա հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը մեր երկրի անվտանգությունն ապահովելու միջոցն է: Նա վստահեցրեց, որ երեկ Բաղրամյան պողոտայում հավաքված ժողովրդի քանակը միայն կանգնեցրեց պատերազմը եւ եթե չկազմակերպվենք ու չկարողանանք հեռացնել իշխանությանը, կորցնենք հայրենիքը, միայն մենք կլինենք մեղավոր:
Հիշեցնենք, սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանի՝ Հայաստանի վրա հարձակում սկսելու օրը, 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն ու հարազատները ինքնաբուխ ցույց սկսեցին ԱԺ շենքի մոտ՝ պահանջելով՝ ՀՀ երեք նախագահների եւ Կաթողիկոսի միաբանություն եւ առաջնորդություն, որպեսզի հնարավոր լինի հեռացնել ՀՀ գործող իշխանությանը եւ կանխել Հայաստանին վերահաս վտանգը: Երեկ, երբ խորհրդարանում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է ստորագրել փաստաթուղթ, որով, ըստ էության, Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի մաս, կրքերը բորբոքվեցին, ԱԺ շենքի մոտ բազմահազարանոց ինքնաբուխ ցույց սկսվեց: Հավաքվածները պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Երեկ Փաշինյանի հրաժարականի պահանջով ինքնաբուխ հանրահավաքներ են տեղի ունեցել նաեւ Գյումրիում, Ստեփանակերտում, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան դիմաց:
Կարդացեք նաև
Ելույթներն ավարտվեցին, հավաքվածների մի մասը, սակայն, դեռ Բաղրամյան պողոտայում է, ինքնաբուխ հավաքը շարունակվում է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ