Այսօր Ազգային ժողովում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն անհավասարակշիռ պահվածքով և ոչ կոռեկտ բառապաշարով արձագանքեց MediaHub.am կայքի լրագրող Անի Գևորգյանին՝ ի պատասխան լրագրողի հնչեցրած հստակ, հավանաբար պատգամավորին դժվար կացության մեջ գցող հարցերին: Պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, հայտարարելով, որ ԱԺ-ն իր տունն է, պահանջեց լրագրողից հեռանալ, իսկ երբ լրագրողն ընդդիմացավ, պատգամավորը ձեռքը մեկնեց դեպի սեղանին դրված հեռախոսը (ամենայն հավանականությամբ)՝ փորձելով այն նետել լրագրողի ուղղությամբ, ինչը կանխեցին նրա իսկ գործընկեր պատգամավորները:
Թեև անհավասարակշիռ վարքագիծ դրսևորած պատգամավորին գործընկերները մի կերպ հեռացրեցին տարածքից, բայց քիչ անց նրան օգնության հասավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա էլ Խորհրդարանի անվտանգության աշխատակիցներին հրահանգեց լրագրող Անի Գևորգյանին դուրս հանել ԱԺ շենքից, ինչն անհապաղ կատարեցին. լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելով, թևերից բռնած քարշ տալով՝ նրան դուրս բերեցին ԱԺ շենքից:
Տեղի ունեցածից հետո լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը ոչ միայն հայտարարեց, որ չի պատրաստվում պատգամավոր Քրիստինե Պողոսյանի վարքագիծը քննության առնել, այլև, որ ինքն առաջնորդվելու է ԱԺ կանոնակարգ օրենքի նոր դրույթներին համապատասխան, ըստ որոնց՝ ԱԺ գործունեությունը խաթարող լրագրողը պետք է հեռացվի: «Վաղուց էր պետք դա անել: Փառք Աստծո, օրենքն արդեն ընդունել ենք»,- հայտարարել է Ալեն Սիմոնյանը:
Ակնհայտ է, որ մամուլի նկատմամբ իշխանությունների նման, մեղմ ասած, պաշտոնյային ոչ հարիր վերաբերմունքը պայմանավորված է վերջին օրերին երկրում տեղի ունեցող՝ իրենց անհանգստացնող իրադարձություններով, ռազմաճակատին զուգահեռ՝ քաղաքական հարթությունում կատարվող ստվերային գործընթացներով և դրանց նկատմամբ հասարակության մեջ առաջացած արդարացի վրդովմունքով:
Կարդացեք նաև
Իշխանությունը, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, իրենց սխալների ու թերությունների մասին հանրությանն իրազեկող մամուլը համարում է թշնամի, քանի որ մեծապես ազատ ու իշխանության վերահսկողությունից դուրս գործող ԶԼՄ-ների աշխատանքի շնորհիվ է հասարակությունը տեղեկանում իր թիկունքում կատարվող իրադարձությունների մասին:
Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է այսօր Ազգային ժողովում լրագրողների նկատմամբ կատարված ոտնձգությունները, այդ թվում՝ ներկայացուցչական մարմնի ղեկավարի՝ ԱԺ նախագահի հրահանգով, իշխանությունից պահանջում է ժողովրդավարության սկզբունքներին հավատարիմ գործելաոճ դրսևորել, կատարվածն արժանացնել իրավական գնահատականի, պատասխանատվության ենթարկել սեփական թիմի անդամ այն պատգամավորներին, որոնք առաջին անգամ չէ, որ լրագրողներին սպառնում են հաշվեհարդարով: Անպատժելիությունը ծնում է ամենաթողություն. այս դեպքում հիշատակված պատգամավորը ոչ միայն սպառնացել է, այլև փորձել է կոնկրետ գործողությունների դիմել:
Կոչ ենք անում մամուլի ազատության հարցերով զբաղվող տեղական և միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանությամբ իրապես զբաղվող միավորներին ու անհատներին՝ ցուցաբերել համարժեք գործելակերպ, զսպել ու կանխել ազատ խոսքի նկատմամբ իշխանության ահագնացող ոտնձգությունները:
Մեր գործընկերներին կոչ ենք անում, անկախ ստեղծված իրավիճակից, պահպանել մասնագիտական էթիկայի բոլոր նորմերը և սատար կանգնել միմյանց:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ