Այսօր, Ազգային ժողովի դիմաց, Բաղրամյան պողոտայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքված քաղաքացիների բողոքի ցույցը կրկին շարունակվում է: Ողջ օրվա ընթացքում, քաղաքացիների տարբեր խմբեր Բաղրամյան պողոտայում էին, իսկ քիչ առաջ, մեկնարկել է հանրահավաքը: Երեկվա իրադարձություններից հետո, Բաղրամյան պողոտայում ոստիկանական ուժեր են կենտրոնացվել: Հանրահավաքի մեկնարկին, ոստիկանական ուժերը ավելացան, ԱԺ ցանկապատի դիմաց վահաններով ու սաղավարտներով զինված ոստիկանները շղթա են կազմել:
ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանն ասաց, որ իրենք հարթակ են բարձրացել՝ ընդառաջ գնալով նախորդ օրերին, ինքնաբուխ հավաքի մասնակիցների պահանջին՝ ներկայացնել քաղաքական օրակարգ: Եթե օրակարգը չընդունվի՝ այսօր հարթակում կանգնածները կլքեն հարթակը:
Հիշեցնենք, սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանի՝ Հայաստանի վրա հարձակում սկսելու օրը, 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն ու հարազատները ինքնաբուխ ցույց սկսեցին ԱԺ շենքի մոտ՝ պահանջելով ՀՀ երեք նախագահների եւ Կաթողիկոսի միաբանություն եւ առաջնորդություն, որպեսզի հնարավոր լինի հեռացնել ՀՀ գործող իշխանությանը եւ կանխել Հայաստանին վերահաս վտանգը: Երեկ, երբ խորհրդարանում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է ստորագրել փաստաթուղթ, որով, ըստ էության, Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի մաս, կրքերը բորբոքվեցին, ԱԺ շենքի մոտ բազմահազարանոց ինքնաբուխ ցույց սկսվեց: Հավաքվածները պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Երեկ Փաշինյանի հրաժարականի պահանջով ինքնաբուխ հանրահավաքներ են տեղի ունեցել նաեւ Գյումրիում, Ստեփանակերտում, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան դիմաց:
44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանն այսօրվա հանրահավաքում հայտարարեց, որ իրենց համար էլ անսպասելի էին երեկվա հավաքի արդյունքները, իրենք էլ շփոթվել են մարդկանց քանակից, անակնկալի են եկել, բայց դա իրենց հույս է տվել՝ ժողովրդի ինքնապաշտպանական բնազդը կարթնանա եւ մենք նորից հրաշքով կփրկվենք. «Մենք իրավունք չունենք ինքնասպան լինելու»:
Կարդացեք նաև
Նա կրկնեց՝ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու ամեն օրն ավելի վտանգում է պետության ու պետականության գոյությունը, իսկ հնչող կոչերի առնչությամբ, թե նման հավաքներն այս իրավիճակում ավելի են վտանգում հենց պետությունը, Նաիրա Մելիքյանն ասաց, որ նման հայտարարությունները սին են եւ նպատակ ունեն մարդկանց հույսը կոտրելու: Նա վստահ է, որ «Փաշինյանի եւ իր խունտայի» հեռանալուց հետո ամեն ինչ հնարավոր կլինի շտկել, քանի որ իշխանությունը կհանձնվի արհեստավարժներին: Զոհվածի մոր համոզմամբ՝ երկու օր առաջ հրահրված պատերազմը ճիշտ 44-օրյայի սցենարով է իրականանում:
Թեեւ պաշտոնապես հրապարակվել է զոհվածների 105 թիվը, Նաիրա Մելիքյանը հայտարարեց, որ երկու օրում ունենք 300-ից ավելի զոհ ու եթե այսպես շարունակվի, մեր գենոֆոնդը կոչնչանա: Զոհվածի մայրը տխուր վիճակագրություն բերեց, որ 44-ից վերադարձած շատ տղաներ, չհամակերպվելով կատարված եւ այն ամենի հետ, ինչի միջով իրենք են անցել, ինքնասպան են լինում:
Հիշեցնելով նաեւ «Սուրմալու» տոնովաճառի ողբերգությունը, օրեցօր աճող խուլիգանությունների, սպանությունների եւ ինքնասպանությունների վիճակագրությունը, բանախոսը նկատում է՝ Փաշինյանը ամեն օր ոչնչացնում է մեր ազգը եւ ամեն օր հանձնում է երկիրը: Նա ՀՀ քաղաքացիներին հորդորեց՝ չհոգնել եւ ամեն օր դուրս գալ փողոց, այլապես մի քանի օրից «թուրքը կմտնի Երեւան», հատկապես, որ Հայաստանից դիմադրություն չկա: Նա կոչ արեց ապացուցել, որ ազգ ենք, ոչ թե խառնամբոխ: Ընդդիմադիր քաղաքական ուժերին էլ հորդորեց՝ չվախենալ եւ հնչեցնել լիդերի՝ վարչապետի թեկնածուի անունը:
Հավաքվածներին հորդորեց՝ չընդվզել, չպիտակավորել այն անձին, ում անունը կհնչեցվի, վստահեցրեց, որ նա չի լինելու Հայաստանի ղեկավարը, ձեւավորվելու է ժամանակավոր կառավարություն, որը, որոշ ժամանակ անց, կնշանակի նոր ընտրություններ: Բանախոսը հավաքվածներին խնդրեց՝ խոստանալ միմյանց, որ իրար սատարելու են, թիկունքից չեն հարվածելու եւ միասնական ջանքերով հեռացնելու ենք գործող իշխանությանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ