Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը կարող է ապակայունացնել ողջ տարածաշրջանը». Միրոսլավ Յենչա

Սեպտեմբեր 15,2022 20:03

ՄԱԿ-ի անվտանգության  խորհրդի նիստում  քննվում է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի  եւ  ԱՄՆ-ի քաղաքական հարցերով օգնական Միրոսլավ Յենչան իր ելույթում նշեց. «Սեպտեմբերի 12-ի  երեկոյան ՀՀ իշխանությունները հայտնել են  սահմանին ծագած ծանր մարտերի մասին: Այդ հայտարարության համաձայն՝ կիրառվել է ծանր հրետանի, եղել գնդակոծություններ խոշոր տրամաչափի զինատեսակներից, փոխհրաձգությունը շարունակվել է սեպտեմբերի 13-14-ին:

Երեկ երեկոյան հայտարարվել է հրադադարի մասին՝ սկսած ժամը 8-ից: Մենք ողջունում ենք այդ  պայմանավորվածությունը եւ հույս հայտնում, որ կրակի դադարեցումը կպահպանվի: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանը հարվածներ է հասցրել ոչ միայն  ռազմական դիրքերին, այլեւ քաղաքացիական ենթակառուցվածքներին Գեղարքունիքում, Վայոց Ձորում եւ Սյունիքում: Հայկական կողմը հայտնել է, որ զոհվել է 105 զինծառայող, 6 քաղաքացիական անձ վիրավորում է ստացել:  Հայաստանը այդ իրադարձությունները որակել է կանխամտածված հարված:

Ադրբեջանն էլ ասել է, որ դրանք պատասխան քայլեր էին հայկական կողմի սադրանքին: Ադրբեջանն իր հերթին հայտնել է, որ 71 զինծառայող է զոհվել, 2 քաղաքացիական անձ վիրավորվել է: Երկու երկրները  նամակներ են ուղղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին այն մասին, որ խախտվել է իրենց տարածքային ամբողջականությունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարությունը չի կարող ստուգել կամ պնդել այդ հաղորդագրություններում առկա կոնկրետ տարրերը, բայց մենք շատ մտահոգ ենք այս լարվածության առիթով եւ քաղաքացիական բնակչության վրա դրա հետեւանքներով»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի ձեւակերպմամբ, Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը նախկինի նման լուրջ խոչընդոտների է հանդիպում. «Այս լարվածությունն ընդգծում է, որ երկրները պետք է շարժվեն առաջ՝  սահմանազատման եւ սահմանագծման առումով, տարածքային ամբողջականությունների փոխադարձ ճանաչման  եւ ինքնիշխանության շրջանակներում: Հորդորում եմ կողմերին օգտվել այդ կարեւոր մեխանիզմից՝ իբրեւ կարեւոր քայլ սահմաններին լարվածության թուլացման համար:

Այս շաբաթվա իրադարձություները հիշեցրին, որ լարվածությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարող է ապակայունացնել ամբողջ տարածաշրջանը: Անհրաժեշտ է, որ տարածաշրջանի բոլոր խաղացողները կառուցողական գործեն եւ ճնշում գործադրեն, որպեսզի կողմերը հակվեն խնդրի խաղաղ կարգավորման»: Նա հիշեցրեց, որ Ռուսաստանը եւ Եվրամիությունը ջանքեր են գործադրում այդ ուղղությամբ, եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը աջակցում է միջազգային ջանքերին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930