Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա մե՛ր պատերազմն է, որը պահանջում է, որպեսզի մենք բոլորս կանգնենք հանուն մեր հայրենիքի պաշտպանության». Ռուբեն Վարդանյան

Սեպտեմբեր 15,2022 19:55

«Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մենք այսօր հայտնվել ենք մի իրավիճակում,  որտեղից շատերը ելքի երկու տարբերակ են տեսնում, որոնք երկուսն էլ ինձ համար անընդունելի են:

Մի տարբերակը ձևացնելն է, թե իրավիճակը վերահսկողության տակ է, որ բանակն ամեն ինչով ապահովված է, որ իշխանություններն ամեն ինչ ճիշտ են անում, և որ նրանց քաղաքականությունը կհանգեցնի ստատուս քվոյի վերականգնման և երկարաժամկետ խաղաղության: Ես չեմ հավատում դրան, քանի որ գիտեմ և տեսնում եմ, որ դա այդպես չէ: Ես հասկանում եմ, որ այս պատերազմում ներքաշված  են շատերը, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարությունը:  Ինձ համար անընդունելի է նաև, որ Արցախի հարցի առաջնահերթությունը, մեր հայրենակիցների ճակատագիրը և շատ կարևոր այլ արժեքներ նրանց համար վերջին տեղում են:

Մյուս տարբերակը՝  իշխանություններին դավաճանության մեջ մեղադրելն է, հանրահավաքներին միանալն ու նրանց հրաժարականը պահանջելը:  Ակնհայտ  է, որ իշխանությունները չեն կարողանում  հաջողել ո՛չ պաշտպանության, ո՛չ  դիվանագիտության մեջ, ո’չ տեղեկատվական պատերազմում և, ամենակարևորը` չեն կարողանում վտանգի պահին համախմբել հասարակությունը: Նրանք առհասարակ որևէ բանում չեն հաջողում: Բայց այս երկրորդ տարբերակը ևս այս պահին ընդունելի չէ ինձ համար, քանի որ պատերազմի ժամանակ անթույլատրելի է վտանգել սեփական երկրի իշխանությունների, ինչպիսին էլ որ դրանք լինեն, լեգիտիմությունը: Նախ՝ պետք է  առնվազն հաղթահարել պատերազմի սուր փուլն ու վտարել ագրեսորին մեր երկրի սահմաններից:  Դրանից հետո արդեն՝ մտածել երկրի ներքին հարցերով զբաղվելու մասին:

Սա մե՛ր պատերազմն է, որը պահանջում է, որպեսզի մենք բոլորս կանգնենք հանուն մեր հայրենիքի պաշտպանության և հանուն  մեր գալիք սերունդների ապագայի, թիկունք լինենք հերոսաբար կռվող, հայրենիքի սահմաններն արժանապատվորեն պահող մեր զինվորներին, ու գիտակցենք, որ մեծ պարտք  ունենք նրա՛նց առաջ, ովքեր իրենց կյանքն ենք զոհել:

Ես անում եմ ու շարունակելու եմ անել այն, ինչ կարող եմ և  ա՛յն ուղղություններով, որտեղ իսկապես կարող եմ օգտակար լինել: Ես վստահաբար հավատում եմ մեր հաղթանակին, քանի որ ճանաչում   եմ և շփվում եմ իրական հայրենասերների հետ, և  հավատացեք, որ մենք շատ ենք:

Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930