ՌԴ ԱԳՆ պաշտոնական խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցի ժամանակ պատասխանելով «Առավոտի» այն հարցին, թե հայ հասարակության զգալի մասին հետաքրքրում է՝ ի՞նչ աստիճանի պետք է հասնի լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին, որպեսզի Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը ձեռնարկեն շոշափելի քայլեր՝ ստուգողական այցերից բացի, հայտարարեց, որ իր կարծիքով ՀԱՊԿ տեսչական խմբի այցը տարածաշրջան, որը տեղի է ունեցել սեպտեմբեր 15-ին, արդեն շոշափելի քայլ է:
«Կարծում եմ, որ այնուամենայնիվ ձեր հարցի հասցեատերը Ռուսաստանը չէ: Վերջին երկու տարվա ընթացքում հենց մեր երկիրն է գործադրել տիտանական ջանքեր, որպեսզի լուծվի բազմամյա կարծրացած ճգնաժամը և ես կարծում եմ, որ դուք այդ մասին տեղյակ եք: Եվ դա արվել է ոչ միայն թղթի վրա, ոչ միայն քաղաքական հռչակագրերի համատեքստում, որոնք ի դեպ շատ կարևոր նշանակություն ունեն, այլ դա արվել է հողի վրա, դա արվել է մեր սահմանապահների ներկայությամբ լարվածության գոտում, դա արվել է մեր երկրի տնտեսական հնարավորությունների ներդրմամբ և դա, միով բանիվ, միջոցառումների հսկայական համալիր է ամբողջության մեջ վերցրած:
Ես հասկանում եմ, որ երբ խոսքը վերաբերվում է ծանր ու պայթյունավտանգ իրավիճակներին, որտեղ, ցավոք կան ողբերգական հետևանքներ, բոլորը ուզում են կախարդական փայտիկ, որը կթափահարվի և արդյունքում ամեն ինչ տեղը կընկնի: Սակայն, այդպես միայն հեքիաթներում է լինում: Մեր խնդիրը մի շարք ուղղություններով աշխատանք տանելն է, որն էլ ընդհանրական արդյունք կտա: Ռուսական կողմից բոլոր հնարավոր ջանքերը ներդրվել են այդ հարցը կարգավորելու ուղղությամբ»,- եզրափակեց Մ. Զախարովան:
Կարդացեք նաև
Նաիրա Բաղդասարյան
Մոսկվա