ՀԱՊԿ-ը ոչ թե զորք, այլ պատվիրակություն կուղարկի հակամարտության գոտի։ Հայ առաջադեմ գործիչների հույսը ՄԱԿ-ն էր։ Նրանք բազմիցս առաջարկել էին իրենց հարազատ բռնապետիկից, դիմել ՄԱԿ, հակամարտության գոտի բերելու ՄԱԿ խաղաղապահներ։ Այսպիսով ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, Հայաստանի ավանդական բարեկամ Ֆրանսիայի նախագահությամբ, ընդառաջելով Հայաստանի աղաչանք-պաղատանքին կայացրեց շատ իմաստուն որոշում՝ կոչ անելով կողմերին հաստատել զինադադար։
Բա ի՞նչ էիք կարծում։ Դուք, իսկապե՞ս մտածում եք, որ, այսպես կոչված միջազգային հանրությունն արդար է, հետևում է միջազգային օրենքներին, թե՞ ձևեր եք թափում, կատարելով ձեր տերերի պատվերը։
Մեր ժողովուրդը, հասարակությունը, քաղաքական, պետական գործիչներն այդպես էլ չհասկացան, որ ինչպես տարբեր պետություններ, այնպես էլ նրանցից բաղկացած տարբեր միջազգային կազմակերպություններ՝ ՄԱԿ, ԵՄ, ԵԽ, ԱՊՀ, ԵԱՀԿ, ԵԱՏՄ, ՆԱՏՕ, ՀԱՊԿ,այսպես ասած, միջազգային հանրության ամեն խաղացող շարժվում, գործում է միայն ու միայն իր ազգային շահերից ելնելով։
Որևէ պետություն, միջազգային կառույց չի պաշտպանել և չի պաշտպանելու պարտված, պարտության պատասխանատու իշխանությանը չվռնդած, «խաղաղություն» աղերսող երկրին։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է դաշնակիցներին։ Դաշնակիցները լինում են իրական և ձևական։ Իրական դաշնակից ունենում են ուժեղ, արժանապատվություն և նպատակ ունեցող պետությունները։ Եվ այդ պարագայում երկրների դաշնակցային հարաբերությունները լինում են վստահելի, ելնելով փոխադարձ շահերից։ Մեր պարագայում, մենք չունենք իրական դաշնակիցներ։ Մեր պատկերացմամբ դաշնակիցը հովանավորն է, ինչպես մանկատան դայակները, որոնք խնամում են որբ ու չարաճճի երեխաներին։Մենք կարող ենք ծաղրել, մեր կարճ խելքով ֆռռցնել մեր հովանավորին, բայց նա պարտավոր է մեզ որպես դայակ պաշտպանել և գուրգուրել։ Իսկ դայակը որբ չարաճճի երեխային որպես կանոն ոչ թե գուրգուրում է, այլ ծեծում, հաճախ ուրիշ երեխայի ձեռքերով։ Եվ ըստ հայ քաղաքական մտքի, եթե դաշնակիցը, այսինքն հովանավորը չի արդարացնում իրեն վերապահված դայակի դերը, ապա պետք է փոխել դայակին։Իսկ լավ դայակ չի լինում։ Նոր դայակը նույն կերպ կվարվի չարաճճի որբուկի հետ։
Ինչ վերաբերում է այսօր, ժամանակավորապես հաստատված հրադադարին, այն ոչ թե կապված է միջազգային հանրության հորդորների, այլ թուրք-ադրբեջանական դիվանագիտական հնարք է, պայմանավորված ՇՕՍ համաժողովին Ադրբեջանի նախագահի Սամարղանդ մեկնելու և այնտեղ կայանալիք հանդիպումների հետ։
Ավետիք Իշխանյան