«Ունե՞ն թեկնածու։ Իրենց խորհուրդ կտամ այդքան մեծահոգի չլինել եւ ներկայացնել թեկնածու»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած գործընթացին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։
«Նիկոլ Փաշինյանն ընտրողների մեծամասնության քվեն է ստացել։ Եթե ընդդիմությունն ունի թեկնածու, թող առաջադրի։ Այն, ինչ ես եմ տեսնում, իրենք չունեն թեկնածու։ Եթե ունեն, թող ասեն։ Ընդդիմությունը ռեւանշիստներից է բաղկացած, որոնք ձգտում են իշխանության։ Ես պատրաստ եմ իրենց թեկնածուին քննարկել եւ ապացուցել, որ դա թեկնածու չի»,-նշեց նա։
Կարդացեք նաև
Նկատառմանն ի պատասխան, որ Փաշինյանը խոսեց փաստաթղթի մասին, հետո հերքեց, Վիգեն Խաչատրյանն ասաց՝ «դուք ձեր աշխատավարձն արդարացնում եք», ապա նաեւ այլ որակումներ հնչեցրեց լրագրողների հասցեին։ Վիգեն Խաչատրյանը նաեւ չհամաձայնեց որակման հետ, որ այդ պահին երկիրը քաոսի մեջ է։
Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ ՀՀ շահերից բխող թուղթ է ստորագրելու, անգամ եթե իրեն դավաճան անվանեն, իսկ մեծաքանակ բողոքի ցույցից հետո ուղիղ եթերով հերքեց իր ասածները։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ