«Ո՞ր ընդդիմությունը։ Էն որ երեկ ասում էր․․․Էդգար ինչյա՞ն էր․․․Էն, որ ՍԴ-ում աշխատակազմի ղեկավար էր ու քաղաքական հայտարարություններ էր անում, ասում էր, թե ինքն է թեկնածու»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով երեկվա հանրահավաքում հնչած պահանջներին՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած գործընթացի մասին էլ ասաց․ «Շա՜տ, շատ հեռու եմ ես ուղարկում Իշխան Սաղաթելյանին։ Ամեն մարդ, ով կփորձի իմ կամ գործընկերներիս տուն մարդ ուղարկել, ես նրանց կուղարկեմ շատ հեռու»։
Նկատառմանն ի պատասխան, որ 2018թ․-ին իրենք հեռախոսահամարներ էին հրապարակում, գնում ՀՀԿ-ական պատգամավորների տներ, դագաղներ տանում, նա նշեց․ «Ոչ։ Ես որեւէ մեկի տուն մարդ ուղարկե՞լ եմ։ Ապացուցեք, ներկայացրեք փաստերը»։
Կարդացեք նաև
Հարցին՝ իշխանական խմբակցությունը նախատեսո՞ւմ է վարչապետի այլ թեկնածու ներկայացնել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Վարչապետ ընտրում է ՀՀ ժողովուրդը, որը մեկ տարի առաջ արել է ընտրությունը։ Կապիկություններով, հին մեռելներին բերելով, ծաղրածուներով, հիվանդ մարդկանց եթերներով ՀՀ ժողովրդի վրա հնարավոր չէ ազդել, որովհետեւ դրանք կապ չունեն իրականության հետ»։
Ալեն Սիմոնյանը հրաժարվում էր լրագրողներից մեկի հարցերին պատասխանել, ասում էր, որ իրեն լրագրող չի համարում․ «Կեթաս Ռոբին կհարցնես»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ