Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր խնդիրը ՔՊ-ականների ընտանիքների հետ չէ․ մյուս կողմից, ՔՊ-ն պետք է գիտակցի, թե ինչ վիճակում ենք»․ Ագնեսա Խամոյան

Սեպտեմբեր 15,2022 17:41

«Չէի սպասում, որ նման կերպով կհարձակվեն ու նման ռեպլիկներ կանեն։ Պատճառը երեկվա դեպքերն են։ ՔՊ-ականները հայտնել են, իրենց զրույցներից պարզ դարձավ, որ երեկ մի շարք քաղաքացիներ գնացել են իրենց տներ, եղել են որոշակի գործողություններ։ Իրենց բորբոքվածությունից այդպես հասկացա»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին հաջորդած վիճաբանություններին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Նա շեշտեց, որ դատապարտում է ցանկացած բռնություն, եւ ընդդիմության խնդիրը ՔՊ-ական պատգամավորների ընտանիքների հետ չէ․ «Պետք չէ ընտանիքներին խառնել քաղաքական գործընթացի մեջ։ Մյուս կողմից, ՔՊ-ական մեծամասնությունը պետք է գիտակցի, թե ինչ վիճակում ենք հիմա, ինչ է կախված իրենց քայլերից։ Մեր քաղաքական ուժը դատապարտում է բռնությունը, բայց եւ ՔՊ-ն պետք է գիտակցի, որ պետք է դադարի Նիկոլ Փաշինյանի գերին լինելուց։ Կամ թող իրենք առաջարկեն թեկնածու, բայց նա չպետք է կապ ունենա պարտության եւ պատերազմի հետ»։

Ագնեսա Խամոյանն ընդգծեց՝ երեկ իրենց պատգամավորներից որեւէ մեկը որեւէ մեկի տան հասցե չի հրապարակել, բռնության կոչ չի հնչեցրել։ Ինչ վերաբերում է վարչապետի իմփիչմենթի գործընթաց սկսելուն, Ագնեսա Խամոյանը նշեց․ «Երեկվա հավաքը եղել է այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ, հետո սրբագրեց։ Մարդիկ ինքնաբուխ հավաքվել են։ Պահանջ է հնչել, որ ընդդիմադիր պատգամավորները գան եւ սկսեն իմփիչմենթի գործընթաց։ Էդգար Ղազարյանը երեկ մանիպուլյացիաներ էր անում։ Մեզ ասվեց՝ ժողովրդի պահանջը ձեզ այն է, որ դուք ստորագրեք ձեւաթղթերի տակ։ Մենք դա արել ենք, հետո Էդգար Ղազարյանը մանիպուլյատիվ հայտարարություններ արեց՝ ասելով, թե մենք ոչինչ չենք անում։ Վերջին շրջանում իր պահվածքը տարօրինակ է։ Չեմ հասկանում, թե ինչ է ուզում»։

Խամոյանը նաեւ նշեց, որ երեկվա հավաքն ինքնաբուխ էր, եւ ընդդիմադիր խմբակցությունները քաղաքացիներին տուն չեն ուղարկել։

Հավաքից հետո 5165 շարժման հիմնադիր Կարին Տոնոյանը հայտարարել է․ «Բոլոր հայտարարությունները, որոնք բռնության կամ քաոս հրահրող երանգներ ունեին, մեր սատարումը չունեն, դրանք մեր օրակարգի մաս չեն հանդիսանում»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930