Լրահոս
Օրվա լրահոսը

«Տխուր է, այնպիսի իրավիճակում եմ ելույթ ունենում, որ պատգամավորները այս խնդրի մասին խոսելու փոխարեն՝ ստիպված են քաղաքական ելույթներ ունենալ». Տիգրան Հակոբյանն ընտրվեց

Սեպտեմբեր 15,2022 17:33

Այսօր ԱԺ նիստում քննարկվեց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:

ՔՊ-ի կողմից ներկայացվել է Տիգրան Հակոբյանի թեկնածությունը: Նա ասաց. «Մենք չունենք սիրված կամ չսիրված, ընդդիմադիր կամ դիմադիր հեռուստաընկերություններ: Մենք ունենք հեռուստաընկերություններ, որոնք կամ կատարում են լիցենզիայով ստանձնած պարտավորությունները, կամ խախտում են օրենքը եւ միայն այդ պատճառով են պատժվում»:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հարցրեց հեռուստատեսության իրական տերերի մասին՝ ասելով, որ կարող են օտար երկրներից ներդրվել եւ «TV like» հավաքել՝ ապատեղեկատվական նյութեր տարածելով, որովհետեւ դրանք շատ ավելի մեծ դիտումներ են ունենում, քան մեր հեռուստաընկերությունները: Տիգրան Հակոբյանն ասաց, որ մի քանի ամիս առաջ 2 հեռուստաընկերության տուգանեցին՝ ուղիղ եթերում հայհոյախառը արտահայտությունների համար. «Բողոքում էին, ասում էին, թե խոսքի ազատությունն ենք սահմանափակում, թե ընդդիմադիր են, դրա համար ենք տուգանում: Երեկ նույնպես այդ հեռուստաընկերություններից մեկի եթերում հնչեցրեց հայհոյախառը բան: Կին էր, տեսքից չէր երեւում, որ հայհոյախառը բառապաշար կօգտագործի, բայց մի քանի անգամ ներողություն խնդրեց վարողը, որ այդպիսի բան է հնչել եթերից, հետո եւս մի քանի անգամ ներողություն խնդրեց հեռուստաընկերությունը: Դա դաստիարակող բնույթ ունի»:

Տիգրան Հակոբյանի թեկնածության հարցի քննարկման փոխարեն ՔՊ-ականները հարցին չվերաբերող ելույթներ էին ունենում՝ Ռուբինյանը, Լուսինե Բադալյանը, Լիլիթ Ստեփանյանը:

Տիգրան Հակոբյանն արձանագրեց, որ շատ տխուր է, որ ընդդիմադիրները չեն մասնակցում հարցի քննարկմանը, որովհետեւ սա պետության տեղեկատվական շահերին է վերաբերում ու վերկուսակցական հարց է. «Տխուր է նաեւ, որ այնպիսի իրավիճակում եմ ելույթ ունենում, որ պատգամավորները այս խնդրի մասին խոսելու փոխարեն՝ ստիպված են քաղաքական ելույթներ ունենալ, դա շատ վատ է: Ես ճգնաժամային իրավիճակներում եմ ղեկավարել որոշ կառույցներ, շատ ծանր է դա: Ցանկանանք բոլորիս այնպիսի բնականոն խաղաղ կյանք, որ մենք բոլորս կարողանանք լրջորեն զբաղվել տեղեկատվական խնդիրներով, որովհետեւ ասում ենք՝ տեղեկատվությունը երկրորդ զենքն է իր մասսայական ոչնչացման պարամետրերով, բայց շատ քիչ ենք խոսում ու զբաղվում դրանով: Եթե ես ընտրվեմ, խոստանում եմ տեղ ու դադար չտամ, որ դուք ավելի լուրջ սկսեք զբաղվել մեդիակարգավորման խնդիրներով»:

Փակ գաղտնի քվեարկությունից հետո պարզ դարձավ, որ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 66-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել ու Տիգրան Հակոբյանն ընտրվել է ՀՌՀ անդամ:

Ի դեպ, այսօր նաեւ ՍԴ դատավորի պաշտոնում Սեդա Սաֆարյանի եւ Հովակիմ Հովակիմյանի թեկնածության հարցն էլ դրվեց փակ, գաղտնի քվեարկության: Նրանք նույնպես 65 ձայնով ընտրվել են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930