«Կա աքսիոմատիկ ճշմարտություն՝ երբ երկիրը կանգնած է սպառնալիքի առաջ ու անհրաժեշտություն է առաջանում ռազմական ճանապարհով պաշտպանել սեփական ինքնիշխանությունն ու ամբողջականությունը, ամենակարեւոր բանը ներքին կայունությունն է, ներքին միասնության պահպանումը: Սա չհասկանալու համար կամ պիտի դավաճան լինես, կամ տրվես էմոցիաների»,- այսօր ԱԺ նիստում ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
Նա ասաց, թե 2016-ին Սերժ Սարգսյանին լավ չէր վերաբերվում, բայց իր մտքով անգամ չի անցել Սերժ Սարգսյանին մեղադրել Ադրբեջանի հարձակման համար. «Դա բնազդ է: Նրանք չեն հարձակվում Սեյրան Օհանյանի վրա, նրանք հարձակվում են մեր վրա, մեր բոլորի վրա ու տվյալ պայմաններում փորձել խաթարել երկրի կառավարման համակարգը՝ ուղղակի անմտություն է:
Ինչ է տեղի ունեցել ու ինչու է հայտնվել ընդդիմադիրների առաջարկը՝ երեկ արտերկրից կառավարվող շրջանակները տարածել են սուտ, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ թուղթ է ստորագրել ու դրա վրա կառուցել են իրադարձությունը: Բոլորը գիտեն, որ իրենց վարչապետի թեկնածուն իրենց թիմից պետք է լինի, «Հայաստան» դաշինքի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, իրենք այլ բան չեն հայտարարել: Իրենք առաջարկում են ժամանակավորապես չունենալ վարչապետ: Միջակայք է լինում, ստեղծվում է մի անհասկանալի մթնոլորտ: Սա է իրենց առաջարկը, այն պահին, որ սահմաններում տեղի է ունենում հարձակում: Այս պահին հանգիստ է, բայց դա չի նշանակում, որ ունենք վերջնական կայունացում: Չեմ հականում, այդ մարդիկ հատո՞ւկ են անում, ես չեմ ուզում դրան հավատալ»:
Նա ասաց, որ հասկանում է ժողովրդի վախերը, տեղ-տեղ անզորության զգացումները. «Թույլ չտանք, որ կասկածի որդը մեզ ներսից կրծի ու արթնացնի մեր վատագույն որակները»:
Կարդացեք նաև
Նա ամփոփեց ելույթը՝ ասելով. «Երեւանն ամուր է, ԱԺ-ն ամուր է, կառավարությունն ամուր է, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ