Այսօր միջադեպ տեղի ունեցավ ԱԺ-ում՝ ՍԴ դատավորի թեկնածուի քվեարկության ժամանակ։ Նախասրահում լրագրողներից մեկը փորձում էր ԱԺ հաշվիչ հանձնախմբի անդամներից ՔՊ խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանին, որը նստած էր սեղանի մոտ, հարցնել, թե ո՞ր ՔՊ-ականի տուն են երեկ գնացել ցուցարարները։ Քրիստինե Պողոսյանն ասաց՝ ոստիկանություն հարցում ուղարկեք, իմացեք։ Երբ մեկ այլ լրագրող պնդեց, որ 2018թ․-ի հեղափոխության ժամանակ մարդ է մահացել, Քրիստինե Պողոսյանը որակումներ հնչեցրեց՝ «լո՞ւրջ եք ասում, ու դուք լրագրողական համա՞յնք եք ներկայացնում»։
-Դու իմ հետ դու-ով մի խոսա։
Քրիստինե Պողոսյան-Անցյալդ գիտեմ։
Պողոսյանի կողքին նստած ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր ձեռքով փակում է Պողոսյանի բերանը։
Կարդացեք նաև
-Պատգամավոր ես՝ մնա պատգամավոր։
Քրիստինե Պողոսյան-Ոնց ուզում եմ՝ ինձ պահում եմ, հարց ունե՞ս։
Քրիստինե Պողոսյանը լրագրողներին ադրբեջանական գործակալներ էր ասում․ «Կպի գործերիդ, հա՜։ Հանեք սրանց ստեղից։ Գնա՜ ասում եմ, ոնց ուզում եմ՝ քո հետ անձամբ խոսում եմ։ Գնա բողոքի»։
Լրագրողներից մեկը պնդեց, որ 2018թ․-ին Էջմիածնի քաղաքապետարանում մարդ է մահացել։ Քրիստինե Պողոսյանը հակադարձեց՝ «Տեղյակ չե՞ս, որ 2008թ․-ին հրապարակում մարդ է մահացել։ Գնա ստեղից ասում եմ»։
-Սա ձեր տունը չի։
Քրիստինե Պողոսյան-իմ տունն է։
-Ձերը չի, շատ էլ, որ փողոցից հայտնվել եք այստեղ։
Քրիստինե Պողոսյանը ձեռքն է վերցնում հեռախոսը, թերեւս ցանկանում է հարվածել՝ «հեսա կտամ՝ կիմանաս ով ա փողոցից» բառերով, ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանը բռնում է նրա թեւից։
Գործընկերները երկուսով հեռացնում են Քրիստինե Պողոսյանին, որը միջանցքից շարունակում էր բղավել ու որակումներ հնչեցնել ԱԺ աշխատակիցներից մեկի, ենթադրաբար՝ պատգամավորի օգնականի հասցեին․ «Կգամ, հեսա քեզ էլ կասեմ՝ ով ես»։
Րոպեներ անց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մոտեցավ թիկնապահներով եւ հայտարարեց՝ ԱԺ բնականոն գործունեությունը խաթարելու եւ քվեարկությունը տապալելու համար այս երկու լրագրողներին հանել․ «ՊՊԾ, հանեք դուրս օպերատորների հետ»։ Խոսքը վերաբերում էր լրագրողներ Անի Գեւորգյանին եւ Սյուզի Բադոյանին։ Նրանք հայտարարեցին, որ գրավոր փաստաթուղթ են պահանջում, եւ որ Ալեն Սիմոնյանն իրավունք չունի ՊՊԾ-ին նման հրահանգներ տալու։
Անի Գեւորգյանը նստեց գետնին, ասաց, որ չի ենթարկվելու նման հրամանի, չկա գրավոր որոշում․ «Քրիստինե Պողոսյանը հեռախոսով հարձակվեց, իրեն ոչինչ չեք ասո՞ւմ։ Ինձ եք ուզում հեռացնել այն հիշեցմանս համար, որ 2018թ․-ի դեպքերի ժամանակ, այո, զոհ եղել է։ Ազատամարտիկ է զոհվել, երբ փորձում էին ներխուժել Էջմիածնի քաղաքապետարանի շենք»։
Ապա ՊՊԾ երկու աշխատողներ, բռնության գործադրմամբ, Անի Գեւորգյանին քարշ տվեցին եւ աստիճաններով տարան ներքեւ։ Ապա կոնֆլիկտ եղավ, երբ հարվածեցին օպերատորներից մեկին։ Աստիճանների վրա մի պահ խոչընդոտվում էր մյուս լրագրողների եւ օպերատորների տեղաշարժը․ հնարավոր չեղավ կատարվածն ամբողջությամբ նկարահանել։
Այսօր Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ էլ որակումներ հնչեցրեց լրագրողներից երկուսի հասցեին, ասաց, որ լրագրող չի համարում կամ «գնա Ռոբին հարցրու»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Միջադեպերի նկարագրությունը համառոտ է․ բոլոր մանրամասները՝ տեսանյութերում