Իտալիայում Հայաստանի դեսպանությունը ներկայացնում է «Հինգ աստղ» կուսակցության մամուլի խոսնակ, Սենատում Մշակութային ժառանգության և հանրային կրթության հանձնաժողովի անդամ, Սենատում մարդու իրավունքների հանձնաժողովի քարտուղար Օրիետտա Վանինի հոդվածը.
«Երեկ, Ադրբեջանը կրկին հարձակվել է հայկական տարածքի վրա։ Ռմբակոծվել են Գորիս, Ջերմուկ, Վարդենիս, Կապան, Սոթք քաղաքները և հարակից գյուղերը։ Կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, որոնցից շատերը անպաշտպան կանայք ու երեխաներ են։
Դա չպատճառաբանված և չարդարացված ագրեսիա է, դա Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի և 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հռչակագրի հերթական խախտումն է։
Արդեն որոշ ժամանակ է, ինչ Հայաստանը միջազգային հանրությանը տեղեկացնում է Ադրբեջանի կողմից իր նկատմամբ իրականացվող աճող ռազմական ճնշման մասին։ Քիչ են նրա օգտին արձագանքները։
Կարդացեք նաև
Ես համերաշխություն եմ հայտնում հայ ժողովրդին, որը նոր հարձակման տակ է։ Միջազգային հավասարակշռության համար շատ լուրջ եմ համարում երկու երկրների միջև ստեղծված լարված իրավիճակը։
Ես սատարում եմ Հայաստանի դիմումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ինչպես նաև Ռուսաստանին՝ ուժի մեջ գտնվող Փոխադարձ օգնության պայմանագրի հիման վրա։
Հրատապ է, որպեսզի Իտալիան և միջազգային հանրությունը բացահայտորեն դատապարտեն Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»:
Իտալիայում ՀՀ դեսպանությունը Շնորհակալություն ենք հայտնում Սենատոր Օրիետտա Վանինին իր դավանած բարձր արժեքների և մշտապես արդարության կողքին կանգնելու համար։
Լուսանկարը՝ Վիքիպեդիայից: