Լրահոս
Օրվա լրահոսը

«Տոլերանտության կոչ եք անում, այն դեպքում, երբ ընդդիմությունը բերել էր 4 կետանոց էջ, ասում էր՝ դուք ռադներդ քաշեք, հետո մենք կիմանանք ինչ ենք անում». Աղազարյան

Սեպտեմբեր 15,2022 15:45

ՍԴ դատավոր Արեւիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է այս տարվա դեկտեմբերին: Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Սեդա Սաֆարյանի թեկնածությունը: Այսօր ԱԺ-ում հարցի քննարկման ժամանակ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը խնդրեց ներկայացնել իր պատկերացումները՝ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ճանապարհների մասին: Սեդա Սաֆարյանը պատասխանեց, որ քրեական ենթամշակույթը խորքային խնդիր է ու նրանք ազդում են քրգործերով ցուցմունքներ տվող անձանց վրա: Ավելին` չցանկացավ ասել, որովհետեւ ՍԴ-ում քննվում է այդ մասին օրենսդրական նորմի սահմանադրականության հարցը ու կարող է հետո կաշկանդվել, չմասնակցել քննարկմանը:

Աղազարյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիք ունի թեկնածուն, եթե ՍԴ-ն վերանա ու ստեղծվի Գերագույն դատարան՝ համապատասխան պալատով՝ Սեդա Սաֆարյանը պատասխանեց, որ ինչ երկրի համար հարմար է, խնդիր չկա: Եթե իրավական համակարգը հանգի հետեւության, որ մեզ ՍԴ պետք չէ, դատարանների միավորում պետք է լինի, իր համար կարեւոր չէ, որովհետեւ ոչ թե կառուցվածքային փոփոխությունն է կարեւորում, այլ՝ մարդկանց աշխատանքը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի կարգավիճակը, հեղինակությունը վաղուց արդեն նսեմացվել է, երբ ապագայում ԿԸՀ-ի նախագահության թեթեւ նախագծով իշխանության կողմից ձեւախեղվեց ընդհանրապես ՍԴ-ն:

ԱԺ նիստում նաեւ ներկայացվեց ՍԴ դատավորի թեկնածու Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը: ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ասաց, որ ժամանակին ՀՀ արդեն նախկին դատախազը անկեղծացավ ու ասաց, որ ՍԴ-ի թեթեւ ձեռքով կոծկվեց Մարտի 1-ի արդարադատության ընթացքը. «Ես էլ եմ համոզված, որ մեր ՍԴ որոշ անդամներ իրենց այդ կոծկելով պատասխանատուներից մեկն են այն այլանդակությունների, որ մենք շարունակում ենք դիտել ու դուք էլ այսօր ներկա եղաք: Երեկվա մեր հայրենակիցների այդ անախորժությունը, իշխանությունը գողանալը, չե՞ք կարծում, որ ՍԴ-ի կոծկելու հետեւանքներից մեկն էլ սա է»: Նա հորդորեց գնահատական տալ ՍԴ այդ դատավորներին, որոնք «պետականության ընթացքին վնասարար որոշում» են ընդունել:

Հովակիմ Հովակիմյան

Հովակիմյանը դա չարեց՝ ասելով, որ լիազորված չի դատավորների որոշումները որակել, բայց որ ՍԴ որոշումների պատճառաբանված մասը պետք է հանրային ձեւով ներկայացնի՝ այդ առումով գուցե անելիք կա. «Պատասխանատվության ենթարկելը օրենքով կարգավորվող գործընթաց է, որը գուցե հետագայում քննարկման առարկա դառնա»:

Ինչպես հայտնել ենք, նիստերի դահլիճում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայտարարությունից հետո սկսեց թեժ վիճաբանություն: ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը կոչ արեց հանդուրժողական լինել: Հովիկ Աղազարյանը հակադարձեց, թե ցուցարարները ախր կոչ են անում գնալ պատգամավորների տները. «Տիկին Հակոբյանը երեւի թե այդ պահին միայնակ էր երեխայի հետ, կոչ են անում նրան բերման ենթարկել: Մենք էլ պիտի տոլերանտ լինենք: Տոլերանտության արդյունքում ԱԺ հայտարարությունը, որ պետք է ընդունեինք, ընդունեցինք ուշ,  գրեթե վերջին երկրների հետ, որ ընդունեցին այդ հայտարարությունը: Այն դեպքում, երբ ընդդիմությունը բերել էր 4 կետանոց էջ, որոնցից մեկն ասում էր՝ դուք ռադներդ քաշեք, հետո մենք կիմանանք ինչ ենք անում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930