Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Շենշող հայերենի էր տիրապետում ու լավագույն բանաստեղծներից էր». Արտեմ Հարությունյանը` Դավիթ Հովհաննեսի մասին

Սեպտեմբեր 15,2022 15:29

Սեպտեմբերի 14֊-ին Ղազար Փարպեցի 13 հասցեում կայացավ բանաստեղծ, թարգմանիչ, մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսի հուշաքարի բացումը։

Դավիթ Հովհաննեսի որդու` Հրաչ Հովհաննիսյանի խոսքով. «Կրկին ապրում ենք տագնապալի օրեր, և թվում է` այլ բան չպիտի անենք ու մտածենք միայն ռազմական վիճակի մասին։ Բայց մենք պիտի առանց մեկ վայրկյան վարանելու շարունակենք մեր կռիվը մշակույթի, արվեստի դաշտում` հայ ոգին նաեւ այդտեղ արթուն պահելով»։ Բանաստեղծի որդու ձեւակերպմամբ, այս հուշաքարը մեր լինելիության և պայքարի արգասիքն է, որով մեր բազում թշնամիների ապացուցում ենք, որ կանք, եւ այն կռվի հետ նաեւ այս կռիվն ենք տանում։

Մեզ հետ զրույցում Դավիթ Հովհաննեսի հարազատները հայտնեցին, որ հուշաքարի մտահղացումը ընտանիքին է, մասնավորապես նրա տիկնոջ՝ Համասփյուռ Մանուկյանի գաղափարը: Նրանք շնորհակալություն հայտնեցին Երևանի ավագանուն, որ միաձայն քվեարկել է հարցի օգտին, ապա աջակցել: Հրաչ Հովհաննիսյանը նաեւ շնորհակալություն հայտնեց հուշաքարի հեղինակներին`ճարտարապետ Հայկ Ասատուրյանին և քանդակագործ Տիգրան Արզումանյանին։

Դավիթ Հովհաննեսի մտերմներից բանաստեղծ Արտեմ Հարությունյանը ինքնատիպ խոսք ասաց ընկերոջ վերաբերյալ. «Դավիթ Հովհաննեսը զարմանալի բանաստեղծ դարձավ վերջին դժնի տարիներին։ Նրա բարոյական աչքը տեսնում էր անբարո արարքները և պայքարում էր դրանց դեմ։ Նա շենշող հայերենի էր տիրապետում ու լավագույն բանաստեղծներից էր։ Դավի՛թ, մենք միշտ քեզ հիշում ենք, որովհետեւ մեծ պոետ ես»:


Զրուցեցինք նաեւ Դավիթ Հովհաննեսի տիկնոջ` Համասփյուռ Մանուկյանի հետ, որը ներկայացրեց ամուսնուն բնորոշող գծերը. «Դավիթը ակտիվ էր, սիրված` բոլորի կողմից։ Բոլոր կարևոր կետերում նա շատ սկզբունքային և հեռատես էր»։


Տիկին Համասփյուռը մի դրվագ ներկայացրեց, երբ Դավիթ Հովհաննեսի հայրը` ճանաչված գրող Հրաչյա Հովհաննիսյանն առաջարկել էր հարսանիքի փոխարեն շրջագայել, նա մերժել էր և ասել, որ պետք է ազգային ծեսով ու հարսանիքով ամուսնանա: Ընդ որում, հարսանիքին վայելել են Վաչե Հովսեփյանի կատարումները, Սիլվա Կապուտիկյանի ու Սերո Խանզադյանի ներկայությունը։ Վերջինս սեղանապետն է եղել: Տիկին Համասփյուռը նշեց, որ պատմում է իրենց հարսանիքի մասին, քանի որ հուշաքարի բացման օրը համընկնել է հարսանիքի օրվան։ Սեպտեմբերի 14֊-ին լրացավ նրանց ամուսնության 54-ամյակը։

Դավիթ Հովհաննեսի դուստրը` Սաբեթ Հովհաննիսյանը եւս հուզիչ դրվագներ ներկայացրեց: Նրա ջանքերով հրատարակվել են հոր որոշ գործեր։ Դուստրը նշեց, որ իրեն եւ եղբորը փոքր ժամանակ հոր հայտնիությունը չի խանգարել, ինչպես լինում է նման դեպքերում, եւ իրենք տարիքի հետ են հասկացել, թե ինչ տաղանդավոր մարդ է իրենց հայրը։

Արփի ՄԱՆՈւԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930