Համացանցում տեսանյութեր կան, որոնցում մի խումբ ցուցարարներ այս գիշեր կայացած հավաքի ժամանակ Բաղրամյան պողոտայում փորձել են կոտրել ԱԺ դարպասները եւ ներխուժել։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այդ դրվագին՝ նախ խնդրեց պնդումներ չանել, թե դա ընդդիմադիր խմբակցությունների կազմակերպածն է։ «Այն, որ սադրիչներ պետք է լինեին, չկասկածեք։ Եթե տեղում էիք եւ տեսել եք, պետք է նաեւ հասկացած լինեիք, որ սաստողներ էլ կային։ Իսկ պատգամավորները ներսում էին՝ այստեղ»,-նախ նշեց Արմենուհի Կյուրեղյանը։
Նա չհամաձայնեց նաեւ պնդումների հետ, թե ընդդիմությունն է ՔՊ-ական պատգամավորների հասցեները տրամադրել ցուցարարներին՝ նրանց բերման ենթարկելու պահանջով․ «Դա մեր հարթակը չէր, այլ ժողովրդի։ Հարցրեք հասցեներ ասողից։ Նույն հարցը տվեք նաեւ նրանց, ովքեր այսօր իշխանություն են եւ ժամանակին հասցեներ էին ասում, դագաղներ բերում։ Այ իրենց հասցեների պաշտպանության մասին եք հիմա խոսո՞ւմ։ Մեր խնդիրը վարչապետի հրաժարականն է»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ ՀՀ շահերից բխող թուղթ է ստորագրելու, անգամ եթե իրեն դավաճան անվանեն, իսկ մեծաքանակ բողոքի ցույցից հետո ուղիղ եթերով հերքեց իր ասածները։ Հավաքից հետո 5165 շարժման հիմնադիր Կարին Տոնոյանը հայտարարել է․ «Բոլոր հայտարարությունները, որոնք բռնության կամ քաոս հրահրող երանգներ ունեին, մեր սատարումը չունեն, դրանք մեր օրակարգի մաս չեն հանդիսանում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ