ԱԺ նիստերի դահլիճում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթից եւ դրան հաջորդած՝ ՔՊ-ականների բղավոցներից հետո տեղի ունեցած վիճաբանությունն այսօր շարունակվեց նաեւ ԱԺ միջանցքներից մեկում։ Ըստ ընդդիմադիր պատգամավորների՝ ՔՊ-ական Բաբկեն Թունյանի եւ Նարեկ Բաբայանի հետ եկել էր մի սադրիչ ու փորձել բախում հրահրել։ Լրագրողները նաեւ Բաբկեն Թունյանից հետաքրքրվեցին, թե ինչ է պատահել։ «Զրուցում էինք լարվածության եւ երեկ Բաղրամյանի ամբիոնից հնչած կոչերի մասին, երբ մեր հասցեներն էին տալիս ու ասում՝ գնացեք այդ մարդկանց բերեք»,-պատասխանեց նա։
Լրագրողները փորձեցին պարզել, թե նիստերի դահլիճում այսօր Գեղամ Մանուկյանի ելույթի ժամանակ ՔՊ կանայք ինչո՞ւ էին այդքան ագրեսիվ, հատկապես Քրիստինե Պողոսյանը։ Բաբկեն Թունյանը նշեց․ «Ոչ մեկն ագրեսիվ չէր, պարզապես մարդիկ լարված են, ինչը շատ բնական է այն ամեն ինչից հետո, ինչը երեկ հնչում էր Բաղրամյանի վրա»։
Ինչ վերաբերում է այն փաստին, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ թուղթ է ստորագրելու, անգամ եթե իրեն դավաճան անվանեն, իսկ մեծաքանակ բողոքի ցույցից հետո ուղիղ եթերով հերքեց իր ասածը, Բաբկեն Թունյանը նշեց․ «Եթե հայերենի իմացություն կա, ապա Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը կարելի է նորմալ հասկանալ։ Խնդրում եմ չաղավաղել խոսքերը։ Երբ կոնտեքստից կտրում ես մի նախադասություն, իմաստը կարող է փոխվել։ Նիկոլ Փաշինյանի ասածը հետեւյալն էր՝ եթե իմանամ, որ կա տարբերակ, որը բխում է ՀՀ շահերից, եւ այն ընդունելու դեպքում մեզ իշխանությունից հանեն, թեեւ այն կբխի ժողովրդի շահերից, ես դա կստորագրեմ։ Նաեւ ասել է, որ կան կարմիր գծեր, ուստի թեման փակ է։ Եթե մարդը վարձատրվում է չհասկանալու համար, ուրեմն մարդուն հնարավոր չէ որեւէ բան հասկացնել»։
Կարդացեք նաև
Հարցին՝ ՔՊ-ից չեն միանալո՞ւ ընդդիմության՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին, Բաբկեն Թունյանը պատասխանեց՝ ոչ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ