Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոտից գլո՛ւխ ես անիծվել», «Քանի շուտ է, փախե՛ք դահլիճից, ռա՛դ եղեք». Թեժ վեճ՝ ԱԺ-ում ՔՊ-ականների եւ Գեղամ Մանուկյանի միջեւ

Սեպտեմբեր 15,2022 12:17

Այսօր ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարությամբ հանդես եկավ:

Մինչ այդ իր ելույթում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը խոսեց բանակը բարոյալքելու, զինվորներին ապատեղեկատվություն տալու փորձերի մասին, «տականքների ու սրիկաների» մասին, որոնք գործակալական ցանց են ստեղծել ու «առնետների պես» սպասում են ադրբեջանական հրանոթները կրակեն, որ արագ դուրս գան գետնախորշերից:

Գեղամ Մանուկյանին ելույթի հնարավորություն չէին տալիս, դահլիճում սկսեց վիճաբանություն, տեղից սկսեց մեկնաբանություններ անել ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը:

Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը նկատողություն տվեց Աղազարյանին ու զգուշացրեց, որ հաջորդ ելույթի ժամանակ կզրկվի ձայնի իրավունքից:

Ի վերջո, Գեղամ Մանուկյանին հրավիրեցին ամբիոնի մոտ: Նա հայտարարեց, որ տասնյակ հազարավոր հայրենակիցների խոսքն է եկել փոխանցելու, այն մարդկանց, որոնք հաշված ժամերի ընթացքում ինքնաբուխ, հուզված, զայրացած, վրդովված շտապել էին ԱԺ շենքի դիմաց. «Այդ մարդիկ ուղղորդված չէին, որեւէ մեկը նրանց չէր ուղղորդել, պարզապես կար մեկ բան՝ հայրենիքի, Արցախի նկատմամբ անհանգստությունը․․․ Երեկ ԱԺ դահլիճի այս ամբիոնից հնչած անթույլատրելի, վտանգավոր այն հայտարարությունն էր ուղղորդել, որ եղել էր: Չասեք՝ ժողովուրդ չկար այստեղ, կար ու շատ հուժկու՝ տասնյակ հազարավոր մարդիկ: Ժողովուրդ, որը նաեւ պարտադրեց, որ ժամերի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից ինչ-որ թուղթ ստորագրելու մասին ուղիղ եթերներով, գրավոր հայտարարություններով՝ իշխանության ներկայացուցիչների կողմից եղան բազմաթիվ պարզաբանումներ, հերքումներ, որովհետեւ հասկանալի էր, որ մարդիկ վրդովված էին։ Հերքումներ, որ, այնուամենայնիվ չհերքեցին այն վտանգավոր հայտարարությունը»:

Նա հորդորեց մանդատի, փողի, կուսակցականության մասին բոլոր հարցերը մի կողմ թողնել ու մի պահ տեսնել՝ ինչ է կատարվում. «Իրականում կարելի է պատկերացնել Երեւանի կենտրոնի ինչ-որ հատվածներով, բայց դա խաբուսիկ է: Իշխանության քաղաքականության ամբողջականության փլուզում է, որը բերել է այս ավերին: Մարդիկ անօգնական ելքեր են փնտրում: Ամեն քայլափոխի կարելի է տեսնել դա, եթե ծառայողական մեքենաներից, այդ պատուհաններից դուրս գաք: Գիտակցեք, պետականության կորստի առաջ ենք: Երեկ Ստեփանակերտում հազարավոր մարդիկ նույն ժամին հավաքված էին էլի ինքնաբուխ: Այդ մարդիկ իրենց դավաճանված էին զգում, թուրքի դեմ մենակ էին զգում, որովհետեւ լսել էին, որ ԱԺ այս ամբիոնից այլեւս իրենց մասին խոսող չկա: Հասկացե՛ք, կանգ առեք: Երեկ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի կողմից հնչել է մի արտահայտություն, որ ինչ-որ թուղթ եթե ստորագրվի, մարդիկ կարող են քննադատել, ասել՝ դավաճան: Լսեք, մի պահ անդրադարձեք, որ այդ պիտակը հետո ամեն մեկիդ կպնելու է»:

Սա լսելուն պես՝ ՔՊ-ականները սկսեցին աղմուկ-աղաղակ անել: Տեղից գոռում էր Վահագն Ալեքսանյանը։ Վահե Ղալումյանը փորձում էր հանգստացնել։ Ճչում էր Հասմիկ Հակոբյանը: ԱԺ փոխխոսնակը հորդորեց Հակոբյանին կա՛մ հանգստություն պահպանել, կա՛մ դուրս գալ դահլիճից, Գեղամ Մանուկյանին էլ հորդորեց համատեքստից բաներ չկտրել ու չբորբոքել դահլիճում մթնոլորտը:

Գեղամ Մանուկյանը ԱԺ քաղաքական մեծամասնությանը խնդրեց մի պահ արհեստական ինքնավստահությունից դուրս գալ, որովհետեւ ժողովուրդը պոռթկման եզրին է. «Վերջապես հասկացեք, որ այս վիճակի լուծումը մեկն է՝ նոր կառավարություն, նոր իշխանություն, նոր վարչապետ, որն այս վիճակից կարող է դուրս բերել: Այս պահը շատ լուրջ է: Նիկոլին փրկելու ժամը չէ, հայրենիքը փրկելու ժամն է»:

ՔՊ-ականները բղավում էին՝ «Ե՞րբ եք փրկել հայրենիքը, ե՞րբ»:

Գեղամ Մանուկյանը ելույթից հետո փորձում էր հեռանալ նիստերի դահլիճից: Ագնեսա Խամոյանը ՔՊ-ականների հետ վիճաբանում էր, ասում էր՝ «Նիկոլի հետեւից դուրս եկեք»: ՔՊ-ականներին ասում էին՝ «Անիծվեք», ի պատասխան սկսեցին բղավել՝ «ոտից գլո՛ւխ ես անիծվել»: Քանի շուտ է, փախե՛ք դահլիճից, ռա՛դ եղեք: Նիստերի դահլիճում լարված մթնոլորտ էր: Արշակյանը չէր կարողանում կարգի հրավիրել պատգամավորներին:

Հայտարարվեց ընդմիջում՝ 30 րոպե:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930