Լրահոս
Օրվա լրահոսը

Կոլերով. 5 սկզբունքների հետ համաձայնությունն Ադրբեջանն ընկալել է որպես թուլության նշան և որոշել է սեղմել մինչեւ վերջ. «Հրապարակ»

Սեպտեմբեր 15,2022 11:22

«Եթե Նիկոլ Վովաեւիչը կարծում է, որ որքան ինքն ավելի է գործընթացում ներգրավում Բրյուսելին եւ Վաշինգտոնին, այնքան ավելի անվտանգություն է ունենալու, ապա հիմա՝ այսօր, պետք է ընդունի, որ խորապես եւ ողբերգական ձեւով սխալվել է»,- մեզ հետ զրույցում վերջին սրացումները նման կերպ մեկնաբանեց «Ռեգնում» լրատվական գործակալության տնօրեն, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը։

Ըստ նրա՝ հայ-ադրբեջանական սահմանին ներկայիս էսկալացիան առաջացել է Հարավային Կովկասի գործերի մեջ ԱՄՆ էմիսարների աղմկոտ ներգրավումից հետո։ «Դրանից հետո կարող էր պատկերացում ձեւավորվել, թե Երեւանն ու Բաքուն միահամուռ ջանում են միջնորդական ջանքերի ծանրության կենտրոնը տեղափոխել Ռուսաստանից ԱՄՆ»,- ասում է Կոլերովը։

– Բայց ագրեսիան սկսել է Ադրբեջանը, դուք դրան կասկածո՞ւմ եք։

– Պետք է հաշվի առնել, որ ամեն օր ռազմաճակատում լինում են ինչ-ինչ զորքերի տեղաշարժեր, եւ ոչ մի նոր բան նման տեղաշարժերում չկա։ Բաքվի պաշտոնական բացատրությունը, որ Բաքուն ընդամենը արձագանքել է Հայաստանի գործողություններին, ֆորմալ առումով կոռեկտ է։ Միշտ էլ կարելի է ինչ-որ գործողություններ գտնել՝ մեքենա անցավ, պահակախումբ, ինչ-որ մեկին ինչ-որ բան թվաց, բայց ռեակցիան այդ առիթի վրա՝ պաշտոնական տվյալներով` 49 զոհ, խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում էր այդ հզոր պատասխանին, ու մեկ օր չէ, որ պատրաստվել է։ Այն պատրաստվել է դեռեւս մինչեւ ԱՄՆ հրապարակային ներգրավումը, այսինքն՝ դա ընդամենը առիթ էր, այն ոչ մեկին ոչնչից չփրկեց ու չերաշխավորեց։

– Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, Հայաստանն օգնություն է սպասում առաջին հերթին ՀԱՊԿ-ից, չէ՞։

– ՀԱՊԿ անդամների թվում մեծամասնությունն Ադրբեջանի կողմնակիցներ են` նախ, եւ երկրորդը՝ այնտեղ որոշումներն ընդունվում եմ կոնսենսուսով։ Ես ասում եմ, որ եթե Նիկոլը կարծում էր, թե ԱՄՆ-ի կամ նրա ընկեր Միշելի ներգրավումն այս կոնֆլիկտի մեջ իրեն ինչ-որ բանից կփրկի, սխալվում է, որովհետեւ մենք ապրում ենք Արեւելքում, իսկ Արեւելքում յուրաքանչյուր զիջումն ընկալվում է որպես թուլություն։ Բաքուն Փաշինյանի մանյովրներն ու նրա համաձայնությունը 5 սկզբունքների հետ, ինչի մասին նա խոսում էր, որ մենք համաձայն ենք այս հինգ սկզբունքների հետ՝ Ադրբեջանը դա ընկալել է որպես թուլության նշան եւ որոշել սեղմել մինչեւ վերջ։ Եվ շարունակելու է սեղմել։

– Ինչքա՞ն:

– Պաշտոնական տվյալներով, Սյունիքում, Զանգեզուրում, այդ «միջանցք» ասվածում ապրում է մաքսիմում 40 հազար մարդ, եւ այդ տարածքի ռմբակոծումը նպատակ ունի քշել, դուրս հանել տեղի բնակչությանը, այնպիսի պայմաններ ստեղծել, որոնցում ապրել հնարավոր չլինի։ Երբ որ բնակչությունն այդտեղից քշված լինի, արդեն դատարկված Սյունիքում այլ արտաքին ուժ առանց տեղաբնակների չի լինի, բացի նրանցից, ովքեր իրականացնում են այդտեղ տրանսպորտային բեռնափոխադրումներ՝ Ադրբեջանը, Թուրքիան, զգեստափոխված ոստիկաններ, որոնք իբրեւ թե վարորդներ են։ Ապրել Արեւելքում ու մտածել, որ կան հիմարներ, ռիսկային է։ Արեւելքում նույնիսկ իր հասարակ գործերով ապրող մարդը դառնում է չար ու նենգ, եթե զգում է դիմացինի թուլությունը։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930