«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ Հայաստանի ռազմական ծախսերը 2022-ի բյուջեով աճել են մոտ 11 տոկոսով՝ կազմելով ավելի քան 345,4 միլիարդ դրամ։
Նշենք, որ 2021 թվականին բյուջեի ծախսերից պաշտպանությանը հատկացվել էր 312 միլիարդ դրամ, իսկ, ահա, Ադրբեջանի 2022 թ. պետբյուջեով պաշտպանական ոլորտին հատկացվել է մոտ 2,6 մլրդ դոլար: Բացի այդ, օրինակ՝ Ստոկհոլմի միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտի տվյալներով՝ 1995-2020թթ. Ադրբեջանի ռազմական ծախսերը մոտ 5 անգամ գերազանցել են Հայաստանի ցուցանիշը: 25 տարվա ընթացքում ՀՀ բյուջեով պաշտպանության նախարարությանը հատկացվել է շուրջ 7.4 մլրդ դոլար, նույն ժամանակահատվածում Ադրբեջանը ծախսել է շուրջ 32.5 մլրդ դոլար: Միայն 2020թ. Հայաստանը ռազմական կարիքների համար ծախսել է 634 մլն դոլար, Ադրբեջանը՝ 2.2 մլրդ, փոխարենը վարչապետի աշխատակազմի պարգեւատրումների ֆոնդն է 2021 թվականի համեմատ աճել 8 մլն դրամով՝ կազմելով 756 մլն դրամ: 2021 թվականին՝ պատերազմից մեկ տարի անց, պարգեւատրումները, դրամական խրախուսումները եւ հատուկ վճարները կազմել են 18.8 մլրդ դրամ՝ 2020-ի 15.5 մլրդ դրամի համեմատ։
Խոշոր գումարների պակաս չկա նաեւ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ ստեղծված «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամում, որին, ի դեպ, 2018-ին 510.000 դոլար ու 77 մլն 503 հազար դրամ է փոխանցվել, 2019-ին՝ 258 մլն 197 հազար դրամ, 50.200 դոլար ու 10 եվրո, 2020-ին 10 մլն 311 հազար դրամ ու 1019 դոլար է փոխանցվել անանուն, 2021-ին՝ 305.000 դրամ, բայց, միեւնույնն է, պարտվում ենք:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։