Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պուտինի «միջնորդական» սկզբունքը՝ «ինչ գրավես՝ քոնն ա»

Սեպտեմբեր 15,2022 10:12
Vladimir putin

Թեկուզ ՀՀ ինքնիշխան տարածքում, միայն թե Ռուսաստանը մնա որպես գլխավոր «բարիշացնող»

Այն, որ Հայաստանի գործող իշխանությունները 44-օրյա պատերազմից հետո դասեր չքաղեցին եւ բանակի պատրաստվածության, վերակազմավորելու, վերականգնելու առումով առաջընթաց չենք գրանցել՝ սա անհերքելի իրողություն է: Այդ պայմաններում Հայաստանի հանդեպ թշնամական գործողությունների պատրաստ երկիրը չի կարող չձգտել պոկել ավելին՝ քան երազում էր: Սա է իրողությունը. Ալիեւի ախորժակը մեծացել է, երբ տեսնում է Հայաստանի իշխանության կողմից դրսեւորվում է ցանկացած գնով ու պայմաններով խաղաղության պատրաստ լինելու կեցվածք: Երբ ՀՀ ինքնիշխան տարածք են ներխուժում ադրբեջանական ստորաբաժանումներ, սակայն ՀՀ իշխանությունն ամիսներ շարունակ խոսում է խաղաղության, սահմանազատման, սահմանագծման մասին, ընդ որում՝ դրանք միայն խոսքեր են, գործնականում հակառակորդ պետությունը ցույց է տալիս, որ ուժով է ստանալու այն, ինչ ուզում է, սակայն քո երկրի Զինված ուժերը չեն լուծում ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության հարցը: Հետեւաբար, Ալիեւին էլ ի՞նչը պետք է հետ պահեր…

Այլ կարեւոր հարց է, թե ինչո՞ւ է Ալիեւն իրեն անպատիժ զգում: Այս հարցի շուրջ Հայաստանում նույն մթնոլորտն է, ինչ 44-օրյա պատերազմի ժամանակ տիրում էր ռուսական իշխանական քարոզչամեքենայի թեզերի ապահովման պայմաններում: 44-օրյա պատերազմում արդարացնում էին Ռուսաստանի չեզոք կեցվածքը, թե՝ «Մոսկվան չի կարող բացահայտ պաշտպանել հայկական կողմին, քանի որ Լեռնային Ղարաբաղը «վիճելի տարածք է»», այսինքն, հստակ հասկացնել էին տալիս, որ Պուտինը չի կարող գործել ընդդեմ Ալիեւի՝ «Ղարաբաղն Ադրբեջան է» դիրքորոշման: Դա մենք տեսանք ու շարունակում ենք տեսնել:

Ի՞նչ կատարվեց նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթ ստորագրելուց հետո. Ալիեւը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդիր չկա, այն լուծված է, Ռուսաստանը ստացավ ԼՂ-ում խաղաղապահ առաքելություն տեղակայելու իրավունք եւ Մոսկվայի «միջնորդությամբ» հակամարտությունը տեղափոխվեց Հայաստան-Ադրբեջան դաշտ: Մոսկվան 2 տարի ցույց է տվել, որ Ադրբեջանի կողմից ընդդեմ ՀՀ ինքնիշխան տարածքի որեւէ գործողություն չի դատապարտելու, շարունակելու է դրսեւորել իր չեզոք դիրքորոշումը, չնայած այն բանին, որ Հայաստանը ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցն է: Ավելին, այս ընթացքում է, որ Մոսկվան ու Բաքուն ռազմավարական դաշինքի կնքման ուղղությամբ գործուն քայլեր իրականացրեցին, որի մասին Հայաստանում ռուսական քարոզչամեքենայի սպասարկուները համառորեն լռում են:
Հիմա, բոլոր նրանք, ովքեր 44-օրյա պատերազմի ժամանակ ասում էին՝ ՌԴ-ի ձեռքերը «կապված են», ԼՂ-ն ճանաչված չէ, ռուսները չեն կարող բացահայտ պաշտպանել հայկական կողմին, այսօր էլ անգիր արած մեկ բան են կրկնում՝ Ադրբեջանն ու Թուրքիան օգտվեցին Ռուսաստանի թույլ ու տկար վիճակից՝ ստեղծված Ուկրաինայում պատերազմի հետեւանքով ու հարձակվեցին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա: Իսկ դա արդարացնո՞ւմ է Պուտինի, նրա իշխանության ու ողջ Ռուսաստանի փորձագիտական հանրության լռությունը…

Իսկ ինչո՞ւ Թուրքիան չի օգտվում Ռուսաստանի նույն «թույլ» վիճակից, ավելին՝ ինչպե՞ս է ստացվում, որ նույն «թույլ» Ռուսաստանը Սիրիայում հաճախ արժանի հակահարված է հասցնում թուրքամետ ուժերին… Այս հարցին կպատասխանե՞ն ռուսական քարոզչամեքենայի անխոնջ մարտիկները:

Ուրեմն, մեր տարածաշրջանում Պուտինի խաղը այլ է՝ չհակադրվել թուրք-ադրբեջանական բացահայտ ձգտումներին եւ նոր թեժ կետում իրավիճակի բարդացման հիմքում ունենալ մի նոր հնարավորություն՝ Արեւմուտքի հետ բանակցելու, «առեւտրի» մեջ մտնելու: Ի դեպ, այսպիսի հնարավորության մասին ԱՄՆ-ն արդեն իսկ ակնարկել է…

Ի՞նչ ենք տեսնում այս օրերին: Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիան հստակ արձանագրվում է Արեւմուտքի կողմից, միանշանակ պահանջում են՝ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում: Միացյալ Նահանգներն էական փաստեր է տեսել, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքն ու զգալի վնաս հասցնում երկրի ենթակառուցվածքներին, ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը:

Այսպես, Վաշինգտոնը միանշանակ շեշտում է, որ ԱՄՆ-ն զգալի ապացույցներ ունի, որ Ադրբեջանն է հրետակոծում ՀՀ տարածքը: Իսկ Կրեմլը, ՀԱՊԿ-ն ու ԱՊՀ-ն չունե՞ն նման ապացույցներ…

Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքում պատերազմը ողջ ինտենսիվությամբ շարունակվում էր, իսկ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը ազդարարեց՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին հրադադարի համաձայնություն է ձեռք բերվել՝ Պուտինի ջանքերով, մինչդեռ այդ հայտարարությունից քիչ անց ՀՀ ՊՆ-ն հաղորդեց, որ Ադրբեջանը շարունակում է ՀՀ տարածքում դիրքային առաջխաղացման փորձեր իրականացնել եւ պարզ դարձավ, որ ոչ մի հրադադար ու զինադադար գոյություն չունի… Կամ, ՀՀ տարածքում լայնածավալ ռազմական գործողությունների պայմաններում երրորդ օրը ՌԴ-ից լսեցինք՝ «Մոսկվան ցավում է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը առանց խափանումների չի գնում», կամ՝ «Մոսկվան հույս ունի, որ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան աշխատանքային խմբի հաջորդ նիստում կհասնի ճանապարհների կառուցման փաթեթային պայմանավորվածության»: Կամ, ՀԱՊԿ-ն Հայաստանի խնդրանքով գագաթնաժողով է հրավիրում ու ի՞նչ ենք լսում՝ «դժվար է խոսել սահմանի նկատմամբ ոտնձգության մասին, քանի որ այն սահմանազատված չէ»…

Ու Ռուսաստանի ու նրա հովանավորյալ կառույցների վրա Հայաստանում դեռ հույս դնողներ կա՞ն… Եվ, ի դեպ, ի՞նչ բացատրություն ունեն ՀՀ ռուսական ռազմաբազայի հզորության վերաբերյալ տասնամյակներ շարունակ առասպելներ պատմողները՝ «Թուրքիայից մի թռչուն անցնի՝ ռուսական կործանիչները օդ են բարձրանալու…»:

Այս պահին Հայաստանի համար կարեւոր հիմքեր կան ընդդեմ Ադրբեջանի հստակ գործողությունների հասնելու՝ դիվանագիտական ճակատում: Կարեւոր էին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից արված մի քանի հայտարարությունները: ԱՄՆ պետքարտուղարը շեշտել է, որ ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով հարձակումների, այդ թվում՝ Հայաստանի ներսում բնակավայրերի եւ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների մասին հաղորդումներով։ Նա մի քանի անգամ պարզորոշ ձեւակերպել էր, որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ:

Ուշագրավ էր Բլինքենի մեկ այլ հայտարարությունը Ռուսաստանի պահվածքի մասով: ԱՄՆ-ի պետքարտուղարը կարծիք էր հայտնել, թե մտավախություն ունի, որ Ռուսաստանը կարող է փորձել «պղտորել ջրերը» Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտությունում: «Արդյոք Ռուսաստանը փորձո՞ւմ է ինչ-որ ձեւով պղտորել ջրերը, շեղել ուշադրությունը Ուկրաինայից, սա մեզ միշտ մտահոգում է», – ասել էր Բլինքենը՝ հավելելով, որ «Ռուսաստանը կարող է նաեւ օգտագործել իր ազդեցությունը տարածաշրջանում` օգնելու «հանդարտեցնել ջրերը»: Այսինքն, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան իրավիճակի պատասխանատվության սլաքները որոշակիորեն ուղղեց դեպի Ռուսաստան:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողություններից ժամեր անց հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախագահը նախաձեռնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բախումների հարցով։ «Ֆրանսիան հարցը կտանի ՄԱԿ Անվտանգության խորհուրդ, որտեղ այս պահին նախագահում է», հայտնել էր նախագահ Մակրոնի գրասենյակը։ «Նախագահ Մակրոնը շարունակում է հորդորել պահպանել հրադադարը եւ հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,-նշվել էր նախագահական գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

«Խիստ մտահոգված եմ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի երկայնքով հարձակումների, այդ թվում եւ Հայաստանի տարածքում բնակավայրերի եւ քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարվածների առնչությամբ։ ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնելու ռազմական գործողություններն ու թույլ չտալու լարվածության էլ ավելի սրացում»,- նշել է Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը հայտարարություն տարածեց, որում խստորեն դատապարտեց Ադրբեջանի կողմից նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական հարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքի բազում թիրախների վրա. «Այս նոր ագրեսիան շարունակությունն է Բաքվի՝ մարտին եւ օգոստոսին Լեռնային Ղարաբաղի շփման գծի հրադադարի լուրջ խախտումների։ Բաքուն օգտվել է համաշխարհային եւ տարածաշրջանային իրավիճակից՝ ստեղծված Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակմամբ։ Ես դիմում եմ միջազգային հանրությանը, եւ, մասնավորապես, Եվրոպական միությանը՝ արձագանքել այս անթույլատրելի ուժի կիրառմանը պարզորոշ պատասխանով։ Այժմ անատամ հայտարարությունների ժամանակը չէ՝ զսպվածության կոչ անելու երկու կողմերին»։

Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մի շարք առաջատար պատգամավորներ հանձնաժողովի նախագահ, գերմանացի Դեվիդ Մքալըսթերի գլխավորությամբ խստորեն դատապարտել են Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ։ Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն Ֆրանսիայի իշխանություններից պահանջել է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ եւ խաղաղապահ առաքելություն ուղարկել հայ բնակչությանը պաշտպանելու համար։

Արեւմուտքից նման հայտարարություններ անընդհատ ստացվում են, իսկ ինչո՞ւ են լուռ ռուս պատգամավորները, փորձագետները, ռուսական քարոզչամեքենայի գիգանտները եւ «հայկական» ազգանուններով ռուսաստանաբնակ «մտածողներն» ու նրանց հայաստանյան քարոզիչները: Թե՞ թուրք-ադրբեջանական տանդեմը Հարավային Կովկասում հարվածում է «թույլ Ռուսաստանին», բայց արդյունքում Արեւմուտքը արձանագրում է Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ ադրբեջանական ագրեսիան, մինչդեռ ռուսական քարոզիչների տրամաբանությամբ՝ «թույլ Ռուսաստանի» դաշնակից Հայաստանին չպետք է սատարեին, այլ՝ ՆԱՏՕ-ական Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի գործողությունները պետք է արդարացնեին:

Պարզորոշ նկատելի է, չէ՞, որ ինչ-որ բան այն չէ այս ողջ քարոզչական թոհուբոհի մեջ, որ ռուսական քարոզչական մեքենայի պատասխանատուները դուրս են եկել տրամաբանության դաշտից ու սեփական երկրի իմիջը «փրկելու» ճանապարհին՝ ավելի են նսեմացնում այդ պետության վարկանիշը՝ ողջ աշխարհի աչքի առաջ:

Ավելի անկեղծ չէր լինի, եթե արձանագրենք, որ Պուտինը հերթական անգամ կանաչ լույս է վառել թուրք-ադրբեջանական ագրեսիայի համար՝ արդեն ՀՀ տարածքում, իսկ նրա չեզոքության հետեւում թաքնված է միանշանակ աջակցությունը Բաքվի գործողություններին այս սկզբունքով՝ «ինչ գրավես՝ քոնն ա, միայն թե Ռուսաստանը մնա գլխավոր միջնորդ ու տարածաշրջանային հիմնական խաղացող»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 15.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930