Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիներին քիչ առաջ միացավ նաեւ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: Նա ասաց, որ ժողովրդի տրամադրության տակ է ու նրանցից մեկը: Ըստ նրա՝ օր առաջ պետք է հեռացնել այս իշխանություններին, ժամանակ չկա:
«Վիճակն, իսկապես, օրհասական է: Այսօր գտնվում ենք իրական պատերազմի մեջ, անընդհատ մեր տղաները հերոսություններ են անում սահմանին, բայց քաղաքական, դիվանագիտական ճակատում մարդ չկա. ամբողջությամբ ձախողումներ են: Չենք կարող մեզ թույլ տալ , որ մեր տասնութ տարեկան զինավորներին զոհողության ենթարկենք, բայց քաղաքական, դիվանագիտական ճակատում ոչ մի բան չգտնենք»,- ասաց Արման Թաթոյանը:
Նրա խոսքով՝ այսօրվա վիճակը նաեւ գործող իշխանությունների գործողությունների կոպիտ սխալների արդյունք է: Ըստ Թաթոյանի՝ երբ դեռ անցած տարի ադրբեջանցիները տեղակայվում էին մեր գյուղերի ու ճանապարհների մոտ, այս իշխանությունները թշնամու հանցավոր ներկայությունը լեգիտիմացրին:
«Չեն կարողանում իրականացնել երկրի կառավարումը, ելքը մեկն է նրանք պետք է հեռանան, եկել է գործելու ժամանակը: Կոչ եմ անում համախմբվել, ես ձեր տրամադրության տակ եմ»,- հավելեց Արման Թաթոյանը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ