ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում չորեքշաբթի օրն անցկացված մամլո ասուլիսի ժամանակ երկրի Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քըրբին, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սկսված ռազմական գործողություններին, ասել է, թե ԱՄՆ-ը մեծապես է մտահոգված սահմանի երկայնքով շարունակվող հարձակումների, գնդակոծությունների և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված զգալի վնասների մասին ստացվող հաղորդումներով: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Մենք ակտիվորեն կապ ենք պահում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի կառավարության հետ, տեսնելու, թե ինչ կարող ենք անել այս բռնությանը վերջ տալու համար։ Հիշեցնեմ, որ պետքարտուղար Բլինքենը նախորդ գիշերվա ընթացքում զրուցել է ինչպես Ադրբեջանի նախագահի, այնպես էլ` Հայաստանի վարչապետի հետ։
Մենք վաղուց ենք ասել ու նորից պետք է ասեմ, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: Մենք կոչ ենք անում հեռու մնալ հետագա ռազմական գործողություններից: Մենք նաև խրախուսում ենք երկու կառավարություններին վերականգնել ուղիղ հաղորդակցությունը, եւ դիվանագիտական ու ռազմական ուղիներով հարթել ճգնաժամը»:
Հարցին, թե կա արդյոք մտավախություն, որ «ռուսական վերադիրքավորումը կներառի վերադիրքավորում Հայաստանում, Ջոն Քըրբին պատասխանել է. «Մենք դա չենք տեսել: Այն, ինչ մենք ուզում ենք տեսնել, թշնամական գործողությունների ավարտն է: Ըստ երևույթին, ռուսները նախորդ գիշերվա ընթացքում միջնորդել էին սկսել հրադադար, ինչը գրեթե անմիջապես խախտվել էր: Մեր կողմից ակնհայտ է, որ ուզում ենք տեսնել ուժի մեջ մտնող հրադադար:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է վերադիրքավորումներին, պիտի նորից ասեմ, որ չենք տեսել ռուսական ուժերի վերադիրքավորման որեւէ նշան»:
-Այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ, Հայաստանում, խոսու՞մ է արդյոք այն մասին, որ Ադրբեջանն օգտվում է ռուսների խառնաշփոթ իրավիճակից:
Այս հարցին Քըրբին պատասխանում է. «Մեզ համար դժվար է հստակ ասել, թե որն է շարժառիթը: Ինչպես գիտեք, այս լարվածությունը վաղուց է շարունակվում Խորհրդային Միության փլուզումից ի վեր, որը վերածվել էր լայնամասշտաբ պատերազմի 2020 թվականին:
Այսպիսով, իսկապես դժվար է հասկանալ դրա պատճառը: Հնարավոր է, որ որոշ առաջնորդներ կարող են ենթադրել, որ Ռուսաստանը մտահոգ է: Սակայն նորից եմ ուզում ասել, որ կարծում եմ այս մասին ենթադրություններ անելիս, պիտի լինենք զգույշ»:
«Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայություն