Ընդդիմադիր պատգամավորներն այդպես էլ Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիներին ցույց չտվեցին Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու թուղթը: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը երկար խոսեց Հայաստանում ստեղծված վիճակի պատճառների մասին. «Բավականին լուրջ ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծվել Հայաստանի, Արցախի շուրջը:
Ռազմաքաղաքական իրավիճակի ոչ ճիշտ գնահատման արդյունքում է Հայաստանը հայտնվել բանակցային գործընթացից դուրս: 2020 թվականին հայտնվել է պատերազմի մեջ: Պատերազմի ժամանակ այս իշխանությունները ոչինչ չեն արել, որ ապահովեն խնդիրների կատարումը, հաղթական ելքը, թույլ են տվել հակառակորդին մոտենալ ՀՀ սահմաններին:
ՀՀ սահմանների մոտ մարտական գործողությունները կանգնեցնելուց հետո ոչ մի միջոց չեն ձեռնարկել, որ մեր սահմաններում ռազմավարական կարեւոր կետերը, բարձունքներն ու ճանապարհները վերցնենք մեր հսկողության տակ, որ հետագայում հեշտ լինի մեր պաշտպանության իրականացումը: Ընդհակառակը՝ մոբիլիզիացիա չեն արել, որ բանակը համալրեն, դրանից օգտվելով՝ մեր թշնամին սկսել է սադրանքներ մի քանի անգամ: Սեպտեմբերի 13-ի գործողությունները ուղղակի սեղմումն է, որ Հայաստանը, իրենց լեզվով ասած, միջանցք տրամադրի թուրք-ադրբեջանական տանդեմին… այս իրավիճակը խոսում է այն մասին, որ կան պայմանավորվածություններ»:
Սեյրան Օհանյանին ընդհատեցին քաղաքացիները՝ ասելով, որ այդ մասին գիտեն: Նրան կոչ արեցին բուն թեմայից խոսել. «Թուղթն ենք ուզում տեսնել»:
Կարդացեք նաև
Սեյրան Օհանյանը շարունակեց՝ ասելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից 18 պատգամավորի ստորագրության անհրաժեշտություն ունեն. «Իմ խնդրանքը ձեզ, այս ժողովրդական ընդվզման գագաթնակետը կարողանանք պահպանել, գտնենք այդ 18 անձնավորություններին» : Սեյրան Օհանյանի խոսքը քաղաքացիները կրկին ընդհատեցին, երբ նա ասաց՝ վաղը, հավաքվածները պնդեցին, որ այսօր պետք է այդ հարցը լուծել:
Սեյրան Օհանյանը կոչ արեց ՔՊ-ականներին գալ ու ավարտին հասցնել ժողովրդի կամքը՝ անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին:
Բեմահարթակից նաեւ կոչ հնչեց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանին ու Ռուստամ Բաքոյանին հասցեագրված:
«Գագիկ Մելքոնյա՛ն, եթե դու գեներալ ես, ուսադիրներ ունես, հենց հիմա արի այստեղ ու միացիր 35 պատգամավորներին: Ռուստամ Բաքոյան, եթե ինքնասիրություն ունես, արի, միացիր 35 պատգամավորներին»:
Պատգամավոր Իշխան Սաղաթելյանն էլ ասաց, որ ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցության 35 պատգամավոր պատրաստ են անվստահություն հայտնելու համար ստորագրել ու սկսել գործընթաց. «Եկել ենք ասել, որ ձեր կողքին ենք, ձեր օրակարգի հետ ենք»: Նա նաեւ ասաց, որ եթե հավաքվածներն ուզում են, որ գործընթացն ավարտին հասցվի, պետք բերման ենթարկել ՔՊ-ական 18 պատգամավորի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ