Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է մոբիլիզացիա

Սեպտեմբեր 15,2022 10:00

Պատերազմի այս փուլում, երբ հակառակորդը դարձյալ հարձակվել է Հայաստանի վրա, խորանալով մեր ինքնիշխան տարածքի մեջ, պարզ է, որ մեր քաղաքացիները ծայրահեղ հուզական մտքեր են արտահայտում: Լիովին հասկանալի է նաեւ, որ քաղաքականացված մարդիկ պետք է առիթ գտնեն այս կամ այն կողմի հասցեին մեղադրանքներ հնչեցնելու, իսկ քաղաքական քարոզիչները պարտադրված են «սպիտակեցնել» յուրայիններին եւ «սեւացնել» հակառակորդներին: Մարդիկ տարբեր «հասցեներով» պահանջներ են ներկայացնում, եւ հաճախ հասցեատերերը, ինչպես ասում են, «ռելեւանտ» չեն: Ակնհայտ է, որ Արեւմուտքը չի կարող մեզ օգնել, ինչպիսի հրաշալի հայտարարություններ էլ անի, Ռուսաստանը (ՀԱՊԿ-ը) չի ուզում դա անել՝ բազմիցս ասվել է, թե ինչու, իսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, միանգամայն սպասելի էր, հանդես է եկել ինչ-որ լղոզված կոչերով:

Այդ բոլորից պետք է ձեռ քաշել եւ սին հույսեր չփայփայել: Հայաստանի ընդդիմությանը, քաղաքական, հասարակական գործիչներին, Սփյուռքին պահանջներ ներկայացնելը իմաստալից է, եթե Հայաստան պետությունը կարողանա նրանց կազմակերպել: Հետեւաբար, մեր պահանջների միակ հասցեատերը պետք է լինի իշխանությունը՝ անկախ նրանից, թե ում որքան է այն դուր գալիս ու նույնիսկ անկախ նրանից, թե ինչ անուն-ազգանուններ են կրում իշխանավորները:

Հիմնական պահանջն է՝ այս պահին, երբ Հայաստանի տարածքի, պաշտոնական տվյալներով, 50 քառակուսի կիլոմետրն օկուպացված է, որեւէ փաստաթուղթ չստորագրել Ալիեւի հետ: Այդ թուղթը չի կանգնեցնի պատերազմը, եւ անգամ երկարատեւ զինադադարի չի հանգեցնի, 29 հազար քառակուսի կիլոմետրը չի պաշտպանի:

Դրանից բխող երկրորդ պահանջն է՝ հայտարարել մոբիլիզացիա, անկախ նրանից՝ այս պահին կրակում են, թե ոչ: Դրա համար իշխանությունը պետք է ընդունի, որ տեղի ունեցողը «սահմանային միջադեպ» չի, «սահմանային լարվածություն չի», «սադրանք» չի՝ դա լայնամասշտաբ պատերազմ է, որը սկսվել է առնվազն 2020 թվականի սեպտեմբերից եւ բնորոշվում է ակտիվացող եւ մարտական գործողություններով: Եթե Ջերմուկը սահմանամերձ քաղաք է, ապա Երեւանն էլ է սահմանամերձ:

Մոբիլիզացիան ենթադրում է ոչ միայն զինծառայողների հավաքագրում, այլեւ տնտեսության մեջ որոշակի միջոցառումներ եւ ամենակարեւորը՝ հասարակության համախմբում: Վերջին կետում մենք լուրջ դժվարություններ ունենք՝ ներկա եւ նախորդ իշխանություններն ամեն ինչ արել են՝ հասարակության դեմոբիլիզացիայի համար, որպեսզի մարդիկ ապրեն իրենց մանր, կենցաղային հոգսերով, թուլացնեն իրենց ինքնապաշտպանական բնազդը: Բայց ամենահեշտ բանն է իրավիճակից բողոքելը եւ ֆեյսբուքում հուսալքված ստատուսներ գրելը: Հասարակության հետ պետք է աշխատել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930