ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ադրբեջանաթուրքական տանդեմը շարունակում է իր բացահայտ ցեղասպան քաղաքականությունը հայ ժողովրդի հանդեպ: Արցախի հարցը «լուծված» համարելով ու արհամարհելով միջազգային օրենքները՝ Ադրբեջանը համայն մարդկության աչքի առաջ ռազմական հարձակումով ներխուժել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը՝ հրթիռակոծել քաղաքային և գյուղական բնակավայրերը՝ պատճառելով բազմաթիվ մարդկային կորուստներ և վիրավորներ:
Կարդացեք նաև
ՌԱԿ Կենտրոնական վարչությունը մեծ ցավ է ապրում խիզախ հայորդիների նահատակման համար, ցավակցում նրանց հարազատներին, մաղթում տոկունություն, իսկ վիրավորներին՝ արագ ապաքինում:
Փա՛ռք հայոց բանակին, մեր խոնարհումը սպաներին և զինվորներին, ովքեր անձնազոհաբար կռվում են հայրենիքի սահմանները անառիկ պահելու համար:
Ցավոք Հայաստանի որևէ դաշնակից պետություն կամ միջազգային կառույց դեռևս չի դատապարտել Ադրբեջանական ագրեսիան՝ ինչպես միշտ երկու կողմերին կոչ անելով հերթական զինադադարի, մինչդեռ ագրեսորին հասցեական դատապարտել են տարբեր երկրների հայամետ մի շարք քաղաքական գործիչներ, որոնց հայտնում ենք մեր երախտիքի խոսքը:
Հայրենիքի սահմանները թշնամու ոտնձգությունից պաշտպանելու միակ միջոցը հայ ժողովրդի ազգային միասնությունն է՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնականությունը:
Երկրի բոլոր քաղաքական ուժերը պարտավո՛ր են մի կողմ թողնել իրենց քաղաքական նկրտումները, թև-թևի տալ ընդդեմ թշնամու, որը «խաղաղության պայմանագրի» անվան տակ նվաճողական առաջխաղացում է իրականացնում:
ՌԱԿ-ը պահանջում է հայաստանյան իշխանություններից, խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության ուժերից, քաղաքական անհատներից՝ չարհամարհել միմյանց, վերջ տալ ներքին տարաձայնություններին, անհապաղ հավաքվել խորհրդակցական լայն սեղանի շուրջ, համախմբվել Ազգային բանակի հետ ու մեկ բռունցք դառնալ, համազգային համերաշխության պայմաններում դիմակայել ագրեսորին:
Կոչ ենք անում Հայ Առաքելական Եկեղեցուն՝ հանդես գալ միասնականության և խոհեմության կոչով, համախմբել համայն հայությանը:
Ժամանակը չէ՛ իշխանությունների հրաժարականի պահանջի, ժամանակն է համախմբմա՛ն:
Մեր միա՛կ փրկությունը մեր միասնականությա՛ն մեջ է:
Աստված պահապա՛ն Հայաստանին, Արցախին և ամբողջ հայ ժողովրդին:
ՌԱԿ ատենապետ` Հրաչյա Կարապետյան
ՌԱԿ ատենադպիր` Հովիկ Կարապետյան
14.09.2022թ.
ք.Երևան