Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախում լինելը մեր քույրերին ու եղբայրներին զորավիգ լինելու առաքելություն ունի»

Սեպտեմբեր 15,2022 12:30

Հարցազրույց կոմպոզիտոր Ժիրայր Շահրիմանյանի հետ

– Արցախում պրեմիերա ունեիք՝ ձեր «Արցախ» խմբերգի արցախյան պրեմիերան: Հատկապես հիմա, Արցախում իրականացվող ցանկացած նախագիծ նոր բովանդակություն է ձեռք բերում, ձերն ինչով է յուրահատուկ:

– Արցախի հեքիաթային աշխարհն առաջին անգամ ոտք եմ դրել 15 տարի առաջ: Դրանից հետո բոլոր այցերս կապված են եղել Շուշիի «Վարանդա» երգչախմբի հետ, որի հիմնադիրն ու անփոփոխ ղեկավարը մեր հայրենիքի ու ազգային արվեստի նվիրյալ լիբանանահայ խմբավար, շվիահար Զաքար Քեշիշյանն է: Հենց նրա հետ ջերմ բարեկամությունը եւ բեղուն համագործակցությունը խթան հանդիսացան, որ ես անդրադառնամ մինչ 2010 թվականը ինձ համար դեռ չփորձված մանկական խմբերգի ժանրին: Այս տարի հնչած «Արցախ» խմբերգս արդեն 14-րդ խմբերգն էր գրված Վարանդայի համար, այդ խմբերգերից մոտ կեսն արդեն հնչել են այս 12 տարիների ընթացքում:


Այո, հիմա Արցախում լինելը, մեր քույրերին ու եղբայրներին զորավիգ լինելու, նրանց գոտեպնդելու առաքելությունը ունի նաեւ: Սա պետք է գիտակցի Հայաստանում եւ սփյուռքում ապրող ցանկացած հայ: Իսկ յուրահատկությունը նրանում է, որ երգը գրվել է վերջին պատերազմից հետո, պոետ Խաչիկ Մանուկյանի դրամատիկ բանաստեղծությամբ, նվիրված հենց այդ պատերազմում մարտիրոսացած իր որդուն: Խմբերգը ստեղծելուց անշուշտ անցել եմ այդ հոգեվիճակի միջով, փորձել եմ փոխանցել եւ ցավը, եւ ապագա վերածննդի հույսը:

– Կամերային նվագախումբը կատարելու է ձեր սիմֆոնիան՝ Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ: Ինչ ակնկալիքներ ունեք՝ կոմպոզիտոր, դիրիժոր, նվագախումբ, ունկնդիր ներդաշնակության հասնելու առումով:

– Այս տարի մեր միությունը նշում է իր հիմնադրման 90-ամյակը: Բազմաթիվ համերգներ, մրցույթներ են ընթանում սկսված տարեսկզբից:

Ուրախ եմ, որ իմ N2 սիմֆոնիան՝ գրված լարային նվագախմբի համար, նույնպես ներառվել է ծրագրերի մեջ: Մեր պետական կամերային նվագախումբը կազմված է լավ, փորձառու երաժիշտներից, իսկ Ռուբեն Ասատրյանը հայ կոմպոզիտորների լավագույն բարեկամ-դիրիժորներից է, ով միշտ անում է առավելագույնը մեր երաժշտությունը հանրահռչակելու համար՝ ի տարբերություն շատերի, որոնք բացարձակ անտարբեր են իրենց կողքը ստեղծվող արվեստի գործերի նկատմամբ:

Ինչպես միշտ, ակնկալում եմ գրագետ եւ նորի նկատմամբ հետաքրքրասեր ունկնդիր:

– Ձեր ստեղծագործությունը կատարվելու է Կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակի շրջանակում: Հարցս գուցե տարօրինակ հնչի՝ ի՞նչ է տալիս Կոմպոզիտորների միության անդամ լինելը հատկապես երիտասարդ կոմպոզիտորին:

– Ես միության հետ սերտորեն համագործակցում եմ դեռ 2004-ից, չնայած դե յուրե անդամ դարձա միայն 2013-ին: Իմ կատարված գործերի զգալի մասը իրենց առաջին կատարումը ունեցել են հենց միության համերգների շնորհիվ: Սա արդեն անգնահատելի է, լինես երիտասարդ, թե ավագ: Շուրջ երկու տասնամյակ ամառային շոգերին, երբ միտքը դժվար է աշխատում, մեր միության Դիլիջանի հանգստյան տունը մեզ հնարավորություն է տալիս ներշնչվել մեր բնությամբ եւ վերջին երկու տարին՝ ի շնորհիվ մեր նախագահ Ա. Սաթյանի ջանքերի, արդեն հիանալի կենցաղային պայմաններում ստեղծագործել եւ հարստացնել հայ երաժշտության երկացանկը նոր ստեղծագործություններով:

– Ի՞նչ նորություններ սպասենք ձեզանից:

– Հաջորդ ամիս միությունը անելու է կամերային նվագախմբի համար գործերի մրցույթ, ես մասնակցելու եմ հատուկ այդ մրցույթի համար գրված «Պարտիտա» ստեղծագործությամբ: Նոյեմբերին կամ դեկտեմբերին պլանավորված է N3 կվարտետիս պրեմիերան Կոմիտաս ազգային քառյակի հետ, որի հետ արդեն երջանկություն եմ ունեցել աշխատել մի քանի տարի առաջ: Նաեւ դեկտեմբերին կլինի մեծ համերգ Գերմանիայում միայն իմ երաժշտությամբ: Մեծ նախագիծ է, որի մասին կխոսենք ավելի ուշ:

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
14.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930