Բաղրամյան պողոտան փակած բազմահազար քաղաքացիները վանկարկում են «Առանց Նիկոլ, Հայաստան»:
Քիչ առաջ ելույթ ունեցավ «5165» շարժման ղեկավար Կարին Տոնոյանը: Նա կոչ արեց ընդդիմադիր պատգամավորներին գալ ԱԺ՝ հիշեցնելով, որ իրենց ուզած 40.000 քաղաքացին փողոցում է. «Հենց հիմա գալիս եք այստեղ ու անվստահություն հայտնում Նիկոլ Փաշինյանին: Դուք շատ լավ գիտեք, որ ժողովրդի մեծ մասը ձեզ ընտրել է միայն նրա համար, որ Նիկոլը չընտրվի: Հիմա այդ ժողովրդի կամքը կատարեք: Մենք ժամանակ չունենք, հիմա եկեք այստեղ, մտեք ձեր առանձնասենյակները, ստորագրեք վարչապետին անվստահություն հայտնելու թուղթը, բերեք այստեղ ցույց տվեք, մենք սպասում ենք: Եթե այդ թուղթը ստորագրեք, ՔՊ-ի պատգամավորներին մենք կստիպենք ստորագրել: Վաղը Նիկոլ Փաշինյանը վարչապետ չպետք է լինի: Ժողովուրդը ձեզ մեկ ժամ է տալիս: Մենք պետք է զբաղվենք մեր հայրենիքի պաշտպանությամբ: Ստում է, թե մեր հայրենիքում զենք չկա: Պահեստները զենքով լի են, զինվորներին չեն տալիս: Այդ զենքը մեր հայրենիքում է, ուրեմն մերն է: Հայաստանն ազատագրվելու է, թույլ չենք տա Հայաստանը դարձնել Սիրիա»:
Կարին Տոնոյանը հավաքվածներին փոխանցեց նաեւ զինվորների ուղերձը՝ ազատեք մեր թիկունքը թշնամիներից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ