civilnet.am. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մասնակիցները միաձայն կողմ են արտահայտվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կրակի շուտափույթ դադարեցմանը, իրավիճակի կարգավորմանը քաղաքական-դիվանագիտական միջոցներով։ Այս մասին լրագրողներին ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Բոլորը միահամուռ կողմ են արտահայտվել կրակի շուտափույթ դադարեցմանը և իրավիճակի կարգավորմանը քաղաքական-դիվանագիտական միջոցներով։Այժմ քննարկվում են մամուլի համար հրապարակվող փաստաթղթի տարրերը։ Դահլիճում մնացել են փորձագետներ, որոնք փաստաթուղթը լրամշակում են»,- ասել է Նեբենզյան:
Նա նշել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ հանդիպման ժամանակ Ռուսաստանը նաև տեղեկացրել է հակամարտության դադարեցման նպատակով ՀԱՊԿ ջանքերի մասին:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահի գրասենյակը հայտարարել էր, որ Ֆրանսիան Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակի հարցով քննարկում կկազմակերպի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։