Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքնիշխան պետությունների վրա ռազմական հարձակումները տեղ չունեն կանոնների վրա հիմնված միջազգային համակարգում»

Սեպտեմբեր 14,2022 22:55

FREEDOM HOUSE-Ը ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ, ԿՈՉ  ԱՆՈՒՄ ԴԻՄԵԼ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ

Ի պատասխան ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բնակավայրերին հասցվող շարունակական հարվածների՝ Freedom House-ի նախագահ Մայքլ Ջ. Աբրամովիցը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.

«Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ դադարեցնեն իրենց մահաբեր հարձակումները Հայաստանի տարածքի վրա և հավատարիմ մնան ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից համակարգվող խաղաղության գործընթացին։ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը պետք է ընթանա դիվանագիտական ​​և բանակցային ճանապարհով, այլ ոչ թե հրետանու և անօդաչու թռչող սարքերի հարվածների միջոցով։

Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն արժանի են խաղաղության և անվտանգության։ Ինքնիշխան ազգերի վրա ռազմական հարձակումները տեղ չունեն կանոնների վրա հիմնված միջազգային համակարգում, այդ իսկ պատճառով մենք դիմում ենք ԱՄՆ կառավարությանը, գործընկեր ժողովրդավարական երկրներին և միջազգային կազմակերպություններին անհապաղ հրադադարի կոչ անելու: Մենք ողջունում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանձնառությունը՝ քննարկումներ անցկացնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և կոչ ենք անում ժողովրդավարական կառավարություններին դիտարկել լրացուցիչ քայլեր Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։

 

Նախապատմություն

Խորհրդային Միության փլուզումից հետո հայկական ուժերը պատերազմեցին Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի ինքնավար մարզի վերահսկողության համար, որի բնակչությունը մեծամասամբ հայեր էին: Հաղթանակած հայկական ուժերը հարյուր հազարավոր ադրբեջանցիների տեղահանել են Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի հարակից տարածքներից, որոնք օկուպացրել էին։

Հայաստանի Հանրապետությունը ֆինանսական և ռազմական աջակցություն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանություններին, որոնք հավակնում էին անկախության, բայց ոչ մի պետության կողմից ճանաչված չեն։ Լեռնային Ղարաբաղի սահմանների ու կարգավիճակի կարգավորման շուրջ խաղաղ բանակցությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև շարունակվել են 1990-ական, 2000-ական և 2010-ական թվականներին: Բանակցություններն անարդյունք են եղել, և կողմերի միջև հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներ են արձանագրվել։

2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական հարձակում է ձեռնարկել և հետ է գրավել օկուպացված ադրբեջանական տարածքները և Լեռնային Ղարաբաղի մեկ երրորդը։ Տասնյակ հազարավոր հայ խաղաղ բնակիչներ տեղահանվել են տարածաշրջանից։ Պատերազմն ավարտվեց, երբ Ռուսաստանը միջնորդեց հրադադարի համաձայնագրի կնքմանը և հազարավոր խաղաղապահների ուղարկեց Լեռնային Ղարաբաղ:

2020 թվականի պատերազմի ավարտից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները բանակցություններ են վարում հրադադարի համաձայնագրի իրականացման և վերջնական խաղաղության պայմանագրի շուրջ։ Չնայած Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությանը, այս ընթացքում հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներ են եղել, և ադրբեջանական ուժերը ներխուժել են Լեռնային Ղարաբաղի մի քանի լրացուցիչ գյուղեր՝ հրադադարի գծից այն կողմ։ Եղել են նաև մի քանի դեպքեր, երբ ադրբեջանական ուժերը մտել են Հայաստանի Հանրապետության տարածք։

2022 թվականի սեպտեմբերի 12-ի, լույս 13-ի գիշերը ադրբեջանական զինուժը հրետանային և անօդաչու թռչող սարքերի հարվածներ է հասցրել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող թիրախների ուղղությամբ։ Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ հարձակումների ժամանակ զոհվել է 105 զինվոր, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իրենց կողմից զոհվել է 50 զինվոր։ Ադրբեջանի իշխանությունները պնդում էին, որ հարձակումները պատասխան են եղել Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական կողմի սադրանքներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930