Սյունիքի մարզի սահմանային բնակավայրերի հետ շփման գծում իրավիճակը կայուն լարված է։ Չնայած Ներքին Հանդի սահմանային հատվածում, կեսօրին մոտ, կրակի ինտեսիվությունը պակասել է, բայց իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Սյունիքի մարզպետի տեղակալի խոսքով՝ չի բացառվում, որ ամեն պահ հնարավոր է իրավիճակը փոխվի։
Սեպտեմբերի 13-ին, կեսգիշերից անց, երբ Ադրբեջանը նախահարձակ եղավ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն անմիջապես մարզպետարանում օպերատիվ խորհրդակցություն հրավիրեց,համապատասխան հանձնարարականներ տվեց։ Նա այս պահին առաջնագծում է։ «Սյունիքի մարզպետը գտնվում է Ներքին Հանդում, անձամբ այնտեղից է համակարգում բոլոր գործողությունները»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Նարե Ղազարյանը։
Պաշտոնյան անդրադառնալով այն տեղեկություններին, որ Շիկահող, Ծավ, Ներքին Հանդ, Ճակատեն գյուղերից բոլոր բնակիչները տարհանվել են, մասնավորապես նշեց՝ որ միայն երեխաներն ու մեծահասակներն են տարհանվել։ «Ես ինքս շիկահողցի եմ, բոլոր բնակիչները այնտեղ են, ամուր կանգնած են իրենց հողին, տարհանման խնդիր չունենք ու չենք էլ պատրաստվում տարհանել»,-ասաց մեր զրուցակիցը։ Վերջինիս խոսքով՝ մարդկանց զենք է հատկացվել ու իրենք փորձում են օգտակար լինել բանակին։ Բացի տվյալ գյուղերի բնակիչներից, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ու Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կամավորների հետ միացել են մարզի սահմանների պաշտպանությանը։ «Գորիսի համայնքապետը իր ջոկատով Իշխանասարի տարածքում է, Քաջարանի համայնքապետը՝ Ներքին Հանդում։ Մարզպետի հետ համակարգված կապը կա, միասին վերահսկում են իրավիճակը»,-նշեց Նարե Ղազարյանը։
Կարդացեք նաև
Մարզի սահմանային թեժ կետերում, որտեղ այս պահին ռազմական գործողություններ են ընթանում՝ բնակավայրերում տեղակայված շտապ օգնության մեքենաները․ հերթափոխով աշխատում են, վիրավորներին հասցնում են հիվանդանոց։ Ծանր վիրավորում ստացածներին ցույց է տրվում առաջին անհրաժեշտ բուժօգնությունը եւ նրանք շտապ տեղափոխվում են Երեւանի բուժհաստատւթյուններ։ Մարզի բժշկական կենտրոններն ապահովված են ամեն ինչով ու հստակ իրականացնում են իրենց գործառույթները։ Այն տեղեկությունները, որ Կապան-Ճակատեն այլընտրանքային նորակառույց ճանապարհը չի գործում՝ Նարե Ղազարյանը հերքեց։ Այսօր՝ սեպտեմբերի 14-ին նա Ներքին Հանդից մարզպետարան եկավ այդ ճանապարհով։ «Փակ չի եղել, մի պահ, ռազմական գործողությունների սկսելու օրը, մի քանի ժամ գտնվել է թշնամու թիրախավորման տակ, բայց երեկ առավոտվանից ճանապարհը գործում է»,-ասաց նա։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ