«Պետք է գնահատական տրվի և որոշվի։ Իմ անձնական կարծիքն այն է, որ իհարկե, պետք է ռազմական դրություն մտցվի, մոբիլիզացիա արվի առաջին գծի համալրում իրականացվի բանակին թիկունք կանգնելու համար»,- հարցին՝ այս պահին պե՞տք է ՀՀ-ում մտցվի ռազմական դրություն, այսպես պատասխանեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Նա դուրս եկավ խորհրդարանից, զրուցեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների հետ, որոնք ամբողջ օրն իրականացնում էին բողոքի ցույց ՀՀ ԱԺ-ի դիմաց։
Ըստ նրա՝ երկրի մասին մտածող ղեկավարությունն այս պարագայում մի բան կմտածեր, արագ մի բան կձեռնարկեր․ «Մենք տեսնում ենք սահմաններում լարվածություն, անընդհատ տարբեր իրադարձություններ, հակառակորդի, մեր գործողությունների մասին խոսում ենք, բայց երկրի ներսում չկա այդ լարվածությունը։ Եթե երկիրը պատերազմի մեջ է, լարվածության ալիքն ու լարված իրավիճակը հավասարաչափ բաշխված պիտի լինեն՝ սկսված սահմանից և վերջացրած երկրի ղեկավարությամբ։ Մենք հիմա միայն լսում ենք գործողություններ հակառակորդի կողմից կատարված հանցագործությունների մասին, գիտենք, որ ունենք զոհեր ու վիրավորներ, բացի դրանից, նաև իմ տեղեկություններով՝ տարբեր հատվածներում հակառակորդի կողմից հարձակման մասին տարբեր ուղղություններով։ Մեր հրամանատարները, սերժանտները, կամավորները, զինվորներն ուղղակի հերոսություններ են իրականացնում, նրանց քաջության, գործողությունների շնորհիվ է, որ շատ տեղերում մեր բանակն է իրադրությունը վերահսկում»։
Հարցին՝ սա՞ էինք ակնկալում ՀԱՊԿ-ից, միգուցե ՀՀ-ն պետք է դո՞ւրս գա ՀԱՊԿ-ից, Սեյրան Օհանյանը պատասխանեց․ «ՀՀ-ն չի կարող այդ կառույցի մեջ չլիներ, քանի որ ՀԱՊԿ-ը նաև մեր աշխարհագրությանն է մոտ, նաև հավաքական անվտանգության տարածաշրջանի հետ կապված մենք խնդիրներ ունենք։ Միշտ ասում եմ՝ ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի հետ գործընկերության հիմքում առաջին հերթին ընկած է մեր աշխարհագրությունը, հետո ռազմավարական գործընկերությունը, պատմությունը, մշակույթը և այլն։ Երեկ Նիկոլը խոսում է, թե մենք դիմեցինք միջազգային կառույցներին, բայց չի ասում, որ երկրի ներսում ինքն ի՞նչ որոշում է ընդունել։ Եթե ինքդ քեզ չես պաշտպանում, ոչ մի միջազգային կառույց չի գալու քեզ պաշտպանելու։ Եթե դու քո տունը չես պահում, հարևանը չի գալու քո տան մեջ բարեկարգման աշխատանքներ իրականացնի։ Այս իշխանությունների կատարած այդ բացթողումների, շատ դեպքերում նաև անգրագետ, դավաճանական կեցվածքի արդյունքն է, որ հիմա մենք գտնվում ենք այս վիճակում»։
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի որոշմանը՝ Սեյրան Օհանյանն ասաց․ «Այդպես են որոշել, իրենք կուղարկեն ներկայացուցիչներ, կգան, տեղում գնահատականներ կտան, և հետագա որոշումներն արդեն այլ կլինեն։
Կարդացեք նաև
Դիտարկմանը՝ մինչդեռ ԱՄՆ-ից ավելի հստակ դիրքորոշումներ են գալիս, Սեյրան Օհանյանը չարձագանքեց։
Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ