«Ստորագրելու ենք մի թուղթ, որի արդյունքում լիքը մարդ դավաճան կասի: Ես իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալու ծանր որոշումների՝ հանուն խաղաղության»,- Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից վրդովված բազմաթիվ քաղաքացիներ այս պահին հավաքվել են ԱԺ շենքի դիմաց։Հավաքվածների մեջ պարբերաբար հնչում են պնդումներ, որ սա կուսակցական հավաք չէ եւ պետք է բացառել սադրանքներն ու ոստիկանների հետ բախումները:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ երեկոյան ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել էր, որ «Մենք էդ որոշումներին պիտի գնանք երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը, տևական կայունությունը, խաղաղությունը։
Մենք չենք կարող էսօր վերնագրերի ներքո գրել «խաղաղության պայմանագիր», տակը ստորագրենք, որից 6 ամիս հետո պատերազմ սկսվի։
Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի, լիքը մարդ դավաճան կասի, նույնիսկ կարող ա ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի գոհ ու շնորհակալ կլինենք, որ դրա արդյունքում ՀՀ-ն 29,800 քմ/կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։
Կարդացեք նաև
Ես շատ հստակ ասում եմ՝ էն որոշումը, որ սա ապահովելու ա, ես այդ որոշումը, շատ հստակ ասում եմ, ստորագրելու եմ։ Ու ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո Հայաստանի հետ»։
Ցուցարարներից մեկն էլ խնդրեց հավաքվածներին՝ զանգեն ու կանչեն իրենց ծանոթ, մտերիմներին, հարազատներին, որովհետեւ ըստ նրա՝ «սա հայի բնաջնջման ծրագիր է»:
Մի տղամարդ էլ կոչ արեց, որ ամեն մեկը մի փողոց փակի. «Դուրս արեք՝ ով, որտեղ կա, թող այդ փողոցը փակի, երկիր ենք կորցնում»:
Քաղաքացիները Նիկոլ Փաշինյանին դիմելով՝ հայտարարում են՝ «Նիկո՛լ, դու չես ծախելու մեր հայրենիքը»։
Հավաքվածներից մեկն էլ կանանց է կոչ անում ինքնակազմակերպվել. «Դուրս եկեք, թուրքն արդեն Ջերմուկ է հասել»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ