Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք հնարավոր է դիմել Հաագայի դատարան՝ այդ դատարանի անդամ երկիր չլինելով

Սեպտեմբեր 14,2022 21:21

Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա ադրբեջանական հարձակումը զսպելու եւ պատասխանատվության ենթարկելու միջազգային իրավական ինչ հիմքեր եւ կառույցներ կան։ Արդյոք Հաագայի դատարան հնարավոր է դիմել, եւ ինչ ակնկալել։

Հայաստանի Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, ՄԻԵԴ աշխատակազմի նախկին աշխատակից, փաստաբան Արման Զրվանդյանն այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Հաագայի՝ միջազգային քրեական դատարանի մասին ասում է՝ այս դատարանում քննվում են գործեր, որոնք վերաբերում են կոնկրետ անհատներին եւ անհատներն են դատվում, ոչ թե պետությունները։ Եվ այդ անհատները կարող են լինել երկրի ղեկավարներ, շտաբի պետեր, պաշտպանության նախարարներ, գեներալները։

Նրա ներկայացմամբ՝ ՄՔԴ-ի կանոնադրության համաձայն, ինչպես նաեւ պրակտիկայից ելնելով, հանցագործություն կատարած երկրի ղեկավարը այդ դատարանում իմունիտետ չունի եւ այս առումով Հաագայի դատարանը միակ դատարանն է, որտեղ գործող նախագահը անհատապես կարող է մեղադրվել եւ ենթարկվել քրեական պատասխանատվության։

«Նման փորձ կա՝ Սուդանի այն ժամանակվա նախագահը՝ Օմար ալ-Բաշիրը, որն այժմ փախուստի մեջ է։ Սուդանը ազդեցիկ երկիր է այդ տարածաշրջանում, Ադրբեջանից մեծ ու հարուստ երկիր է։ Այդ երկրի գործող նախագահի նկատմամբ Հաագայի դատարանը ձերբակալության սանկցիա է տվել։ Սա լուրջ նախադեպ է։ Այդ դատարանի համար չկան խոչընդոտներ, իմունիտետներ»,-ասում է Զրվանդյանը։

Այսինքն, ըստ նրա, այդ դատարանը կարող է մեղադրանք առաջադրել, եթե կա ռազմական հանցագործություն, մարդկության դեմ ուղղված հանցագործություն, ցեղասպանսություն, ագրեսիա։

Այս դատարանին, ըստ մասնագետի, անդամակցում են մոտ 130 երկրներ, դատարանը գործում է 2002 թվականից։ Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը չեն անդամակցում։

«Հայաստանը քսան տարի է՝ չի վավերացրել այդ դատարանի կանոնադրությունը։ ՍԴ-ն մի ձեւական որոշում ունի, իբր դատարանի կանոնադրությունը հակասում է ՀՀ Սահմանադրությանը։ Սակայն դրանից հետո երկու անգամ Սահմանադրություն է փոխվել»,-նշում է Զրվանդյանը։ ՄՔԴ-ի որոշումը տարածվում է միայն անդամ երկրների վրա։ Սակայն, անգամ չանդամակցելով, ինչպես ասում է իրավաբանը, հնարավորություն կա հանցագործին պատասխանատվության կանչել այդ դատարանում․ «ՄՔԴ-ի կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ չվավերացրած պետությունը կարող է պարզապես հայտարարություն անել՝ ուղղված ՄՔԴ ղեկավարությանը, որով հաստատում է, որ ճանաչում է այդ դատարանի իրավազորությունը։ Ընդ որում, կարող են ժամկետ սահմանել։ Ուկրաինան սա արել է 2014 եւ 2022 թվականների համար։ Մենք էլ կարող ենք անել։ Բայց ես չեմ կարծում, որ մեր շահերից կբխի հետադարձ ուժով դա անել՝ ներառելով 2020 թվի պատերազմը։ Իմ կոչն ու ակնկալիքն այն է, որ մեր իշխանությունը ճանաչի ՄՔԴ իրավազորությունը՝ սկսած 2022 սեպտեմբերի 13-ից ժամը 24:00 -ից կամ 2021 –ի մայիսի 12-ից, երբ առաջին անգամ ադրբեջանական զինված ուժերը մտան Սեւ լճի տարածք։ Դա ռազմական ներխուժում է, ռազմական ագրեսիա կարող է որակվել։ ՄՔԴ-ում իրավազորության մի քանի տեսակ կա, որից առաջինը տարածքային իրավազորությունն է»։

Ըստ մասնագետի, այսինքն, ՄՔԴ կանոնադրության համաձայն, անգամ եթե Ադրբեջանը այդ դատարանի անդամ երկիր չէ, սակայն իր երկրից հրթիռ է արձակել այլ պետության ինքնիշխան տարածք, խոցել է քաղաքացիական օբյեկտներ, ապա այստեղ հանցակազմ կա, եւ հետեւաբար այդ հանցագործության հեղինակները ենթակա են պատասխանատվության։

ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ ՀՀ-ն դիմել է  միջազգային որոշ կառույցներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Ի՞նչ ակնկալել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից, Զրվանդյանի կարծիքն այս հղումով:

Մանրամասն՝ տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930