«Չէի ցանկանա ասել, թե որ ուղղությամբ քանի տարածքային կորուստներ ունենք։ Բնականաբար, տիրապետում եմ իրավիճակին, բայց տարբեր տեղերում ինտենսիվ մարտեր են, հատկապես՝ Իշխանասարի ուղղությամբ։ Այո, դիրքային կորուստների մասին է խոսքը։ Իրավիճակը փոփոխվում է»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը։
«Երեկ դեպի Ճակատեն երթեւեկել եմ։ Նոր ճանապարհը, որը կառուցվում է հնարավորինս չդիտարկվող դիրքով, ասֆալտապատ է ոչ ամբողջությամբ, բայց դրանով ցանկացած տեսակի մեքենայով կարող ես երթեւեկել։ Մյուս ճանապարհը, որը ժամանակավոր օգտագործում ենք, որոշ տեղերում շիբինապատ է, օգտագործում ենք։ Շտապօգնության մեքենաներն այս պահին նոր ճանապարհով են երթեւեկում»,-հավելեց նա։
Դավիթ Դանիելյանը նշեց, որ քաղաքացիական անձանց շրջանում վիրավորների մասին թվերին չի տիրապետում, իսկ զինվորականների շրջանում կան վիրավորներ․ «Հիմնականում շատ կորուստներ ունենք Սրաշենից Հանդ տանող դիրքերի մարտերի հետ կապված՝ եւ մարդկային կորուստներ, եւ վիրավորներ։ Կապանի ԲԿ առավոտ տեղափոխվել է 30 վիրավոր, մի մասը տեղափոխվել են Երեւան, որպեսզի հիվանդանոցը չծանրաբեռնվի․․․Համոզված եմ, որ անտառներում մեր ընկերների դիեր կան, որոնք դեռ չեն հայտնաբերվել։ Չեմ կարող ասել որքան, եւ տրամաբանական չեմ համարում թիվ ասելը։ Բնակավայրերում հակառակորդի զինվորների առկայություն չի եղել»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ից Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է իրականացնում ՀՀ-ի սուվերեն տարածքների դեմ՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի սահմանային հատվածներից։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ