Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Զրվանդյան․ «ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ՄԱԿ-ի ամենաքաղաքականացված, ամենաբեւեռացված, հակամարտող երկրների ակումբ է»

Սեպտեմբեր 14,2022 19:55

ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ ՀՀ-ն  դիմել է միջազգային որոշ կառույցների, այդ թվում՝  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

Ի՞նչ ակնկալել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից, արդյոք այդ կառույցում հնարավոր է հասնել հօգուտ Հայաստանի դրական որոշման։ Այս խնդրի առնչությամբ Հայաստանի Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, ՄԻԵԴ աշխատակազմի նախկին աշխատակից, փաստաբան Արման Զրվանդյանը թերահավատ է։

«Մեդիա կենտրոնում» այսօր հրավիրված քննարկման ժամանակ Արման Զրվանդյանն ասաց՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ՄԱԿ-ի ամենաքաղաքականացված եւ ամենաբեւեռացված կառույցն է։

Այդուհանդերձ, նա դրական է գնահատում, որ ՀՀ կառավարությունը դիմում է միջազգային ատյաններին, եւ նշում՝ պատերազմական իրավիճակում գտնվող կամ հարձակման ենթարկվող երկիրը  բոլոր հնարավոր  միջազգային գործիքները պետք է օգտագործի, մի բան, որը նախկինում չենք արել, եւ հիմա էլ չենք անում ողջ ծավալով։

«Հայաստանն արդեն հայց ունի ներկայացրած նախորդ պատերազմի արդյունքներով  Ադրբեջանի դեմ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում։ Սա միջպետական դատարան է, միջազգային իրավունքի խախտման վեճերի դատարան է՝ սկսած ներդրումային  վեճերից մինչեւ պատերազմ եւ ցեղասպանություն։ Միջպետական հարցերով կարող են հարցեր ներկայացվել եւ լուծվել։ Մենք կարող ենք այս նոր հարձակման հիմքով էլ ներկայացնել՝ վնասների հատուցման կամ ագրեսիայի ճանաչման պահանջով։ Մենք ամենաշատը  օգտագործում ենք  ՄԻԵԴ-ը՝  միջպետական հարցերի համար։ Ունենք երկու գանգատ, Եղիշե Կիրակոսյանը միջանկյալ միջոցներ է պահանջել հենց այս նոր հարձակման պայմաններում։ Նաեւ պատրաստվում էր հետագայում երրորդ գանգատը ներկայացնել Ադրբեջանի դեմ։ Սա եւս ողջունելի է»,-նկատում է Զրվանդյանը։

Նա նշում է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դիմելու հնարավորությունից  ՀՀ-ն մինչ այս չէր օգտվել։ Այժմ  Ֆրանսիայի նախաձեռնությամբ հրավիրվել է  խորհրդի նիստ։

«ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը երեւի ՄԱԿ-ի ամենաքաղաքականացված եւ ամենաբեւեռացված, հակամարտող երկրների ակումբ է, որտեղ հինգ մշտական անդամները․․․օրինակ՝ Սիրիայի դեպքում  մինչ օրս, արդեն 11 տարի է` որոշում չեն կայացրել, թեեւ առկա է մարդկային աղետ, մարդասիրական աղետ, Սիրիայում այդ իրավիճակը սպառնում է միջազգային անվտանգությանը եւ խաղաղությանը, բայց որոշում  չեն կայացրել»,-ասում է Զրվանդյանը։ Իսկ որոշում չեն կայացրել, քանի որ, ինչպես իրավաբանն է ասում,  այդ երկրների ներկայացուցիչները տարբեր շահեր ունեն։ Նա մեծ հույսեր չի կապում  ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հետ։

«Եթե նույնիսկ 9  ձայն է հարկավոր, որպեսզի Ադրբեջանի գործողությունները համարվեն ագրեսիա, ՄԱԿ-ի  կանոնադրության խախտում՝ ուժի կիրառում եւ այլն, 9-ից 5-ը  պետք է լինեն անվտանգության խորհրդի մշտական անդամների ձայները։ Ես չեմ պատկերացնում, որ այդ 5  անդամները՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա,  ՌԴ եւ Չինաստան, բոլորը կողմ քվեարկեն, որ Ադրբեջանը ագրեսոր է»,-ասում է մասնագետը։ Նա կրկին Սիրիայի օրինակն է բերում, նշելով՝ Սիրիայի իրավիճակը ցույց  է տալիս, որ խաթարված է միջազգային խաղաղությունը, բայց այդ 5  երկրները չեն կարողանում պայմանավորվել եւ մի բանաձեւ ընդունել, քանի որ նրանց շահերը հակադրվում են։

Նա բացատրում է այս կառույցի ընթացակարգը՝  5  անդամներից մեկը, եթե չցանկանա դեմ քվեարկել, բայց չցանկանա նաեւ կողմ քվեարկել, ասենք՝  ձեռնպահ մնա, դա էլ կարող է անցնել եւ մենք կարող ենք ունենալ 9  ձայն ներկայացված   հարցի օգտին․«Եթե բանաձեւ էլ ընդունվի, կարող ենք ակնկալել, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կարող է սանկցիա կիրառել, Ադրբեջանին զենքի մատակարարման էմբարգո սահմանել,  եւ Ադրբեջանին զենք վաճառողները կընկնեն սանկցիաների տակ։ Կարող է որոշում լինի, որ անհատների, քաղաքական, ռազմական գործիչների նկատմամբ ճանապարհորդական արգելքներ սահմանվեն։  Բայց սա ԱԽ-ն կոչում է խաղաղության պարտադրման գործիք։ Եթե հակամարտող կողմեր են լինում, ապա կարող է այդ երկրների իրավիճակի հարցը տալ միջազգային քրեական դատարան։ Այսինքն՝ քրեական արդարադատության միջոցով պարտադրի խաղաղություն։ Օրինակ՝ Սուդանի գործն այդպես է գնացել  միջազգային քրեական դատարան (Հաագայի դատարան, Ն․Բ․), Սուդանը չի վավերացրել, բայց իր երկրում կա քաղաքացիական պատերազմ, որը սպառնում է միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը եւ որպես անվտանգության եւ խաղաղության պարտադրման գործիչ՝ գործն ուղարկվել է միջազգային քրեական դատարան»։

Մանրամասն՝ տեսանյութում

ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 13-ից ադրբեջանական ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի միաժամանակ մի քանի ուղղություններով փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել։  Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Այսօր, ըստ ՀՀ ՊՆ-ի՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կրկին ծայրահեղ լարվել է։ Ժամը 13։00-ից սկսած, Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930