Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գրագետ աշխատանքի պարագայում Հայկական կողմը կարող է դիվանագիտական մղձավանջի վերածել Ադրբեջանի վերջին ագրեսիան

Սեպտեմբեր 14,2022 19:35

44-օրյա պատերազմից հետո Արցախյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի ամենամեծ դիվանագիտական ձախողումը թերևս ԵԱՀԿ ՄԽ-ի, հետևաբար նաև վերջինիս տասնամյակների բանակցային ժառանգության մսխումն էր, որը բացի ակնհայտ աշխարհաքաղաքական նախադրյալներից, այնուամենայնիվ,  նախ պայմանավորված էր գործող իշխանությունների ապիկար արտաքին քաղաքականությամբ։

ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներից դուրս Ադրբեջանի հետ այլ հարթակներում բանակցությունները՝ հատկապես Արցախին վերաբերվող հարցերի և այսպես կոչված «խաղաղության համաձայնագրի» շուրջ, միտված էին վերջնականապես փակելու ԵԱՀԿ ՄԽ-ի երկարամյա գործունեության էջը՝ դրանից բխող բացասական հետևանքներով։

Ադրբեջանի վերջին ագրեսիան հերթական անգամ ցույց տվեց, որ այդ երկիրը ունակ չէ պահպանելու որևէ պայմանավորվածություն, առավել ևս, եթե դրանց հետևում չի զգացվում գերտերությունների շունչն ու որոշակի վերահսկողությունը։ Վերջին իրադարձությունների կապակցությամբ միջազգային խոշոր դերակատարների արձագանքը ցույց է տալիս, որ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիան բխում է բացառապես թուրք-ադրբեջանական տանդեմի շահերից և դրանում շահագրգռված չեն գերտերություններից և ոչ մեկը։ Այս առումով կցանկանայի ուշադրություն հրավիրել մի քանի կարևոր իրադարձության վրա․

– Ֆրանսիան նախաձեռնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների վերսկսման հետ։

– ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կոչ է անում ՌԴ-ին օգտագործել Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ իր ազդեցությունն ու լծակները՝ ռազմական գործողությունները դադարեցնելու և ավելի լայն համատեքստում լարվածությունը թուլացնելու նպատակով։ Նա նաև հավելել է․ «մենք տեսել ենք ադրբեջանական գնդակոծությունների և հայկական ենթակառուցվածքներին հասցված էական վնասի զգալի վկայություններ»։

– ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Դենիս Գոնչարը հայտարարում է, որ  Փարիզն ազդանշաններ է ուղարկում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով ղարաբաղյան կարգավորման շուրջ շփումները վերսկսելու պատրաստակամության մասին։

Այս թվում է թե իրարից անկախ, բայց հայ-ադրբեջանական և Արցախյան հակամարտությունների տեսանկյունից հույժ կարևոր հայտարարություններն ու գործողությունները իրականում հայկական դիվանագիտության համար «հակահարձակման» նոր հնարավորություններ են բացում։

  • Նախ հարկավոր է օգտագործել ՄԱԿ-ի ԱԽ և այլ կարևոր հարթակները, միջազգային հանրությանը հիմնավորելու համար, որ Ադրբեջանը պատրաստ չէ կյանքի կոչել Հայաստանի հետ որևէ միջազգային պայմանավորվածություն՝ առանց դրա նկատմամբ լուրջ և բազմակողմանի միջազգային վերահսկողության այնպիսի գերտերությունների կողմից, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան (ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մյուս մշտական անդամները)։ Հետևաբար, այսպես կոչված «խաղաղության» բանակցությունները կարող են արդյունավետ լինել միայն այս դերակատարների համատեղ միջնորդության և երաշխիքների պարագայում։
  • Անհրաժեշտ է միջազգային հանրության և հատկապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների շրջանում ընկալելի դարձնել այն պարզ ճշմարտությունը, որ հարկավոր է միավորել ՀՀ-Ադրբեջան միջպետական հարաբերությունների և արցախյան հիմնախնդրի կարգավորման օրակարգերը՝ դրանք քննարկելով միասնական փաթեթով։ Կյանքը ցույց տվեց, որ երկու դեպքում էլ առկա է գոյաբանական խնդիր, և առանց Արցախի հիմնախնդրի համապարփակ լուծման, հայ-ադրբեջանական հարաբերությունների վերջնական կարգավորումն անիրատեսական է, իսկ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիան՝ անխուսափելի։
  • Պետք է հրաժարվել «խաղաղության համաձայնագրի» շուրջ այլ հարթակներում Ադրբեջանի հետ բանակցություններ վարելուց, լինի դա Շանհայի համագործակցության կազմակերպության սպասվող Սամարղանդի գագաթնաժողովի շրջանակներում(որին Հայաստանից բացի մասնակցելու են նաև Թուրքիան, Ադրբեջանը, ՌԴ-ն, Իրանը և այլն), թե ԵՄ հարթակներում(օրինակ Պրահայում Մակրոնի կողմից նախաձեռնված գագաթնաժողովի ժամանակ, որը պետք է տեղի ունենա հոկտեմբերի կեսերին)։
  • Հաշվի առնելով առաջիկա օրերին սպասվող ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ամենամյա նստաշրջանի մեկնարկը, հայկական կողմը կարող է նամակով դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից յուրաքանչյուրին՝ ՄԱԿ-ի ԳԱ հարթակն օգտագործելու համար ԵԱՀԿ ՄԽ-ը վերակենդանացնելու և վերջինիս միջնորդությամբ հայ-ադրբեջանական հանդիպում նախաձեռնելու խնդրանքով, որը միտված կլինի «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցային գործընթացի վերսկսմանը, ինչը խաթարվել է Բաքվի վերջին ագրեսիայի պատճառով։ Եթե նույնիսկ Ադրբեջանը մերժի հանդիպման առաջարկը, ապա միայն հայկական կողմի առանձին հանդիպումը միաժամանակ 3 համանախագահների հետ կարող է շատ կարևոր դիվանագիտական ազդակ դառնալ։
  • Առաջարկել համանախագահ երկրներին, որպեսզի վերջիններս համատեղ կամ սեպարատ վերահաստատեն իրենց դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ բանակցային ժառանգության առանցքային կետերի՝ մասնավորապես Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ։
  • Փորձել վերակենդանացնել սահմանային միջադեպերի վերահսկման մեխանիզմների ներդրման վերաբերյալ Վիեննայի և Սանկտ պետերբուրգի դեռ 2016թ-ի պայմանավորվածությունները, որոնք մսխվեցին 2018-2020թթ կոպիտ դիվանագիտական ձախողումների արդյունքում։

Որքանո՞վ է իրատեսական այս հարցում հաջողության հասնելու հեռանկարը

➡️ Անշուշտ ԱՄՆ-ՌԴ աշխարհաքաղաքական առճակատման և Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պայմաններում շատ դժվար է ՌԴ-ին և ԱՄՆ-ին դրդել դիվանագիտական շփումների և փոխզիջումների, սակայն վերոհիշյալ երեք հայտարարությունները այս հարցում որոշակի հույս են արթնացնում։ Ակնհայտ է, որ կողմերը առնվազն ընդունում են միմյանց դերակատարությունն այս հարցում, իսկ ԵԱՀԿ ՄԽ-ի վերակենդանացումը նրանց հնարավորություն կտա վերաթողարկել դիվանագիտական շփումների գոնե այս վերջին խողովակը, ինչը շատ կարևոր է ուկրաինական ճգնաժամը կառավարելու և վերահսկողությունից դուրս չթողնելու տեսանկյունից։

➡️ ԵԱՀԿ ՄԽ- վերակենդանացումը ԱՄՆ-ին հնարավորություն կտա վերադառնալ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականություն, ՌԴ-ին հնարավորություն կտա խուսափել այս պահին իր համար անցանկալի ռազմական սրացումներից և պայմանական 2-րդ ռազմաճակատից։ ԵՄ-ն՝ ի դեմս Ֆրանսիայի, նույնպես շահագրգռված կլինի այս հարցում, քանի որ տարածաշրջանում նոր ռազմական բախումը կարող է էլ ավելի սրել Եվրոպայում առանց այն էլ վատթարացող էներգետիկ ճգնաժամը, հատկապես եթե հաշվի առնենք ԵՄ որոշակի հույսերը՝ կապված ադրբեջանական և միջինասիական էներգակիրների հետ, որոնց մատակարարումը կարող է ընդհատվել՝ տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմի բռնկման պարագայում։

2016թ-ի ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի նախաձեռնած արկածախնդրությունը վերջինիս համար ավարտվեց դիվանագիտական ֆիասկոյով, որին հաջորդեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները և Ալիևի խոստովանությունն առ այն, որ իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Չնայած, ի տարբերություն 2016թ-ի, այժմ ուժերի հարաբերակցությունը, տարածաշրջանային իրողությունները և աշխարհաքաղաքական իրադրությունը էապես փոխվել են՝ ոչ ի նպաստ հայկական կողմի, սակայն նույնիսկ այս պարագայում հնարավորությունների պատուհան դեռ առկա է, որից չօգտվելը աններելի կլինի։

Իհարկե որևէ երաշխիք չկա, որ այս գործընթացը 100 տոկոսով հաջողությամբ կպսակվի, առավել ևս գործող իշխանության պարագայում, որը աչքի չի ընկնում արդյունավետ դիվանագիտությամբ և աշխարհաքաղաքական բևեռների միջև հմտորեն խուսանավելու ունակությամբ։ Այսինքն, եթե նույնիսկ առաջարկվող դիվանագիտական կոմբինացիան հաջողությամբ չպսակվի, ապա ամենայն հավանականությամբ  դա տեղի կունենա իշխանությունների ձախողման, այլ ոչ թե գաղափարի սնանկության կամ անբարենպաստ աշխարհաքաղաքական գործոնների պատճառով։

Ինչևէ, սա ստեղծված իրավիճակում այն սակավաթիվ հնարավորություններից է, որից պետք է կառչել և փորձել գոնե նվազագույն հաղթանակ գրանցել դիվանագիտական ճակատում՝ դյուզն ինչ մեղմելու համար ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարդկային և տարածքային անդառնալի կորուստների ցավը։

 

ԼՈՒՅՍ հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930