Հանրային գործիչ Ավետիք Չալաբյանը Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողությունները կասեցնելու առաջնային միջոց համարում է այսօր երկրի ղեկավարի աթոռը զբաղեցնողից ազատվելը: Այս հարցում նա այլ տարբերակ չի տեսնում:
Իսկ Ռուսաստանը նրա կարծիքով այս իրավիճակում դե ֆակտո մեզ հանձնել է, քանի որ երկրներ կան, որոնք հայտարարում են, որ Ադրբեջանը ագրեսոր է եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ են հրավիրում, իսկ Ռուսաստանը նորից կողմերին խաղաղության կոչ է անում, ինչը մեր համար արդեն շատ-շատ վատ ահազանգ է:
«Բայց ես չեմ ուզում, որ Ռուսաստանին մեղադրենք: Ես ուզում եմ, որ մենք բոլորս հասկանանք, որ այս իշխանության վարքագիծն է դրան բերել: Որովհետեւ այս իշխանությունը խաբում է բոլորին: Գնում, բոլորին խոստումներ է բաժանում, որոնք հնարավոր չէ իրականացնել միաժամանակ: Եվ դա բերում է այն իրավիճակին, որը մենք այսօր ունենք ու մեր վրա կարող են անարգել հարձակվել:
Ես ուզում եմ ասել հետեւյալը: Ինչ Փաշինյանը եկել է Բրյուսելից, այս հարձակումը սպասվում էր ամեն օր, Ադրբեջանը ամեն օր էր դրա մասին հայտարարում: Հիմա հարց տամ. ինչի է գիշերային հարձակման ժամանակ մեր ՀՕՊ-ի միջոցները ոչնչացվել, ինչի՞ մեր ՀՕՊ-ի միջոցները թաքցված չեն եղել: Նույն բանն է կրկնվել, ինչ սեպտեմբերի 27-ին, երբ Ստեփանակերտում կանգնած մեր առանցքային ՀՕՊ-ի միջոցները առաջին հարվածով ոչնչացվել են: Հիմա Գորիսի եւ Կապանի մեր ՀՕՊ-ի միջոցները առաջին հարվածով ոչնչացվել են: Ինչի՞ դրանք պահված չէին, ինչի՞ է Սոթքի զորամասը այդքան զինվորով ենթարկվել հարձակման: Այն, ինչ այսօր տեղի է ունեցել, եղել է կոնկրետ այս իշխանության կողմից Հայաստանի կազմակերպված զինաթափման գործողություն: Այսինքն, ձեռք-ձեռքի տված՝ Հայաստանը զինաթափում են: Եվ այս ամեն ինչի նպատակն այն է, որ բոլորիս վախեցնեն, որ բոլորս հանձնվենք, ասենք՝ համաձայն ենք:
Կարդացեք նաև
Ես չեմ սիրում իմ ռազմական հագուստով դուրս գալ, բայց բոլորս պետք է մեր ռազմական հագուստը հագնենք, գնանք, թեկուզ, պարտիզանական կռվով ադրբեջանցուն հասկացնենք, որ ինքը, եթե անգամ բնակավայրեր գրավի, միեւնույն է, հանգիստ չի ունենալու: Ոչ մի ագրեսոր չի կարողանալու այս հողի վրա երկար կանգնել: Թեկուզ մեր մոտ մնա միայն որսորդական հրացան, գնալու ենք կռվենք, որպեսզի ադրբեջանցին հասկանա, որ այս երկիրը ծնկի չի բերելու:
Այս իշխանությունը իր տերերի հետ միասին մեզ բերել՝ փակուղու առջեւ է կանգնեցրել, որպեսզի հուսալքվենք, մտածենք, որ էլ լուծում ու շանս չկա: Բայց այդպես չէ: Մեր բանակը օր ու գիշեր կռվում է թշնամու դեմ, որի դեմ այս իշխանությունը չի փորձում կռվել:
Փաշինյանը ԱԺ-ում ուղղակի ներկայացնում էր Ադրբեջանի դիրքորոշումները եւ դրանց նրբությունները: Նա հերթով շարադրեց այն, ինչ ասում է Ալիեւը: Այսինքն, նա Ալիեւի խոսափողն է Հայաստանում: Ասում էր, իբր, երկրներ կան, որ արտադրում են սպառազինություն, բայց դա ձեռք բերել հնարավոր չէ: Սուտ է: Նախ, երկրի տարածքում կա այդ սպառազինությունը, որ պատրաստի դրված է պահեստներում: Ասում էր, թե ինչ-որ մեկը չի թողնում, որ ձեռք բերվի սպառազինություն: Գնա, պատռիր քեզ, այդ սպառազինությունը գնիր ու բեր: Դա քո պարտականությունն է Չե՞ս կարողանում, թող, գնա, ազատիր մեզ քեզանից: Կամ կռվիր, կամ թող՝ գնա»,- ասաց Ավետիք Չալաբյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ