Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ պատգամավոր Դավիթ Դանիելյանն ասաց, որ ռազմական գործողությունները սկսելուց ի վեր Սյունիքում է գտնվում, ունենք զինվորների ու դիրքային կորուստներ: Նա հորդորեց, որ վարչապետը հայտարարի՝ անկախ այն բանից, թե ռազմական գործողությունները ինչ ծավալի կլինեն, չենք փոխի մեր որոշումը, որ ՀՀ սուվերենությունը պաշտպանելու ենք, Սյունիքի մարզից, Գեղարքունիքից, Վայոց ձորից որեւէ պարագայում որեւէ զիջման չենք գնալու, մինչեւ վերջ կանգնելու ենք մեր որոշման կողքին: Ըստ նրա, Փաշինյանի այդ խոսքերը դուխ կտան զինվորներին, որովհետեւ սուվերենության հետ կապված որեւէ քննարկում անգամ անընդունելի է:
Փաշինյանը պատասխանեց. «Էս ի՞նչ ենք քննարկում ընդհանրապես: Այդ որտե՞ղ են այդ մտքերը ծագում: Այդ մտքերը կարող են ծագել կա՛մ թշնամու գլխում, կամ թշնամական քարոզչության ազդեցության տակ գտնվող մարդկանց գլխում: Ես շարունակաբար կրկնում եմ՝ ՀՀ սուվերեն տարածքը կարմիր գիծ է մեզ համար: Ուզում եմ հասկանամ, մենք ի՞նչ ենք քննարկում, մեր տարածքային ամբողջականության հա՞րցը: Ես երեկ ուզում էի այլաբանորեն դրա մասին խոսել, բայց եթե բանը հասել է այդտեղ՝ ՀՀ ինքնիշխանությունը, սուվերենությունը ընդհանրապես քննարկման թեմա լինել չի կարող:
ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ սեռից եւ տարիքից, եթե դրա անհրաժեշտությունը լինի, զենքը ձեռքին պիտի պաշտպանի մեր հայրենիքի ամեն քառակուսի միլիմետրը: ՀՀ տարածքները անսահմանափակ չեն, ՀՀ-ն ունի սուվերեն տարածք: Դա Խորհրդային Հայաստանի տարածքն է՝ 29 հազար 800 քկմ: Ես ընդհանրապես հրաժարվում եմ դա քննարկել»:
Փաշինյանն ասաց, որ «յան» ազգանունով թշնամական քարոզչություն իրականացնողներին պետք է պատժեն միանշանակ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ