Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային մամուլը՝ հայ-ադրբեջանական նոր բախումների վերաբերյալ

Սեպտեմբեր 14,2022 18:03

«Ազատություն». «Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ հակամարտությունը կարող է ներքաշել Ռուսաստանին և Թուրքիային ու ապակայունացնել նավթ և գազ մատակարարող խողովակաշարերի կարևոր միջանցքը՝ ճիշտ այնպես, ինչպես պատերազմը Ուկրաինայում խաթարում է էներգակիրների մատակարարումը»,- նշում է «Ռոյթերս»-ի մեկնաբանը։

«Հայաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Ադրբեջանը վերսկսել է ռազմական գործողությունները սահմանին կիրառելով հրետանի, հրաձգային զենք և նռնականետեր Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ։ Իբր գործի են դրվել նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր», – գրում է «Կոմերսանտը», նշելով, որ Ադրբեջանը իրադարձություններին ուղիղ հակառակ մեկնաբանությունն է տալիս՝ Հայաստանի զինված ուժերը կրկին խախտել են հրադադարի համաձայնությունը և կրակ բացել Քելբաջարի ու Լաչինի շրջանների ադրբեջանական ստորաբաժանումների վրա։

«Պուտինի ռազմավարական գլխացավանքն ուժգնանում է Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին մարտերի ֆոնին»

«Պոլիտիկո» ամերիկյան պարբերականի ախտորոշմամբ՝ Պուտինի ռազմավարական գլխացավանքն ուժգնանում է Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին մարտերի ֆոնին։ Մինչ Ռուսաստանը Ուկրաինայում ցայտնոտի մեջ է, Կովկասյան երկրները վերսկսում են մարտական գործողությունները։ «Երկու կողմ էլ կասկածի տակ են դնում Կրեմլի խաղաղարար ջանքերը», նշում է «Պոլիտիկոն», հավելելով, թե այդ բացը փորձում է լրացնել Եվրամիությունը։

«Ռոյթերսի» հետ զրույցում «Չաթըմ Հաուսի» վերլուծաբան Լոուրենս Բրոերսը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանն այժմ զգացողություն ունի, որ եկել է ժամանակը օգտագործելու իր ուժը, իր ռազմական առավելությունը և վերցնել առավելագույնը։

«Նյու Յորք Թայմսը» նշում է, որ Ռուսաստանը Հայաստանի մերձավոր դաշնակիցն է և որոշ ռազմական վերլուծաբաններ ենթադրում են, որ նոր հարձակում սկսելու համար Ադրբեջանը կարող էր քաջալերվել Ուկրաինայի հյուսիս-արևելքում Ռուսաստանի վերջին անհաջողություններից։

Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը «Ազատություն» Ռ/Կ-ին տված հարցազրույցում ասել է․ «Ես չգիտեմ, արդյոք Ռուսաստանը շահագրգռվա՞ծ է հակամարտության վերսկսմամբ: Նույնիսկ ներկա իրավիճակում, չեմ կարծում, որ նրանք կփորձեն ինչ-որ բան հրահրել, ինչը չեն կարող վերահսկել, որովհետև չեմ կարծում, որ նրանք կարող են վերահսկել: Ես նաև անհանգստանում եմ, որ Իրանը սա կարող է դիտել որպես հնարավորություն»:

BBC-ի ռուսական ծառայությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր բախումները վերջին շրաջանի համար աննախադեպ է համարել։ Սեպտեմբերի 13-ի գիշերը Ադրբեջանի զորքերը կրակ բացեցին հարևան Հայաստանի տարածքի վրա։ Վերջին ամիսներին սա տարածաշրջանում առաջին սրացումը չէ, բայց իհարկե աննախադեպ է՝ հրետակոծության տակ ընկան ոչ միայն սահմանային քաղաքները, այլև հայկական հանգստավայր Ջերմուկը։ Տարածաշրջանում անվտանգության երաշխավորը մնում է Ռուսաստանը, բայց նա չափազանց զբաղված է Ուկրաինայի պատերազմով և Լեռնային Ղարաբաղում անհանգիստ իրավիճակը Մոսկվային ձեռնտու չէ, գրել է BBC-ի ռուսական ծառայությունը՝ ներկայացնելով նաև մի շարք փորձագետների մեկնաբանություններ։

Պատմաբան Արիֆ Յունուսն ասել է, որ Ադրբեջանը հարված հասցրեց օգտվելով պահից՝ աշխարհը հիմա զբաղված է Ուկրաինայի պատերազմով, իսկ Հայաստանի բանակը թույլ է։ Նոր սրացումը նա կապել է Բրյուսելում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի վերջին հանդիպման անհաջողության հետ, ասելով, թե Ադրբեջանը Հայաստանից պահանջում է կատարել հրապարակված 5 թեզերը։ Իսկ Փաշինյանը այդ պահանջները անընդունելի է համարում, Ղարաբաղի հարցը մնում է, և դա ոչ թե տարածքային ամբողջականության, այլ մարդու իրավունքների հարց է, և դա կարող էր նյարդայնացնել Ալիևին, – նշել է Արիֆ Յունուսը։

    Հրաչ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930