Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանը փոխանցեց հանրային տրամադրությունները, թե այս իրավիճակում, երբ մենք ունենք ռազմավարական դաշնակից, ՀԱՊԿ-ի անդամ ենք ու հայ զինվորը միայնակ կռվում է թշնամու դեմ, մենք ինչո՞ւ դուրս չենք գալիս ՀԱՊԿ-ից, ո՞վ է մեր իրական դաշնակիցը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մեր դաշնակիցը ՌԴ-ն է եւ ՀԱՊԿ-ը: Երեկվա մեր նիստի ընթացքում մեր գործընկերների կողմից հնչել են հստակ գնահատականներ, որ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են մեր ինքնիշխան տարածք: Եթե այդ ֆորմատում նման հայտարարություններ հնչել են, դրանք չպիտի մնան անհետեւանք»:
Լուսինե Բադալյանն ասաց, թե հասարակության մի մասը պահանջում է մտցնել ռազմական դրություն եւ կառավարել իրավիճակը՝ սկսած լրատվությունից, մնացած ամեն ինչը եւ մոբիլիզացիա անել, մյուս հատվածն էլ, օգտվելով առիթից, մանիպուլացնում է թեման՝ ասելով, թե ռազմական դրության ժամանակ իմպիչմենտի գործընթաց չի կարող մտցնել ընդդիմությունը, դրա համար են դա անելու: Նա հարցրեց՝ հիմա ռազմական դրություն մտցնելու կարիք կա՞: Փաշինյանը պատասխանեց. «Նախորդ գիշերից Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումը գտնվում է իմ սեղանին եւ մենք պարբերաբար քննարկում ենք ու քանի այդ որոշումը չենք կայացրել, գտնում ենք, որ նման որոշման կարիք չկա ոչ թե այն պատճառով, որ ագրեսիա չկա, այլ դա շատ լուրջ որոշում է, որն ունի մի շարք մեխանիզմներ, որոնք ռազմական չեն: Այդ հարցը բնականաբար օրակարգում է եւ իրադրությունը օրվա մեջ մի քանի անգամ գնահատվում է: Այս պահի դրությամբ նման որոշում չի կայացվել, ինչը չի նշանակում, որ որեւէ հաջորդ պահի այդ որոշումը չի կայացվի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ