Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ՔՊ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց, որ երեկվանից մեծ թվով զոհեր ունենալու, տարածքային մեծ կորուստներ ունենալու մասին տեղեկություններ են շրջանառվում, ուստի խնդրեց նրան իր ունեցած տեղեկատվությունը փոխանցել: Փաշինյանը հիշեցրեց, որ երեկ հայտարարել է, որ 49 զոհ ունենք. «Ասացի, որ ճշգրտված չէ, ավելի մեծ է զոհերի թիվը: Կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է»:
Տարածքային կորուստների հետ կապված նա ասաց. «Երբ ասում են, որ Ադրբեջանը ագրեսիա է իրականացնում Հայաստանի նկատմամբ, նաեւ նկատի ունենք, որ որոշակի տարածքի հետ կապված հսկողություն է սահմանել ու այդ է պատճառը, որ մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին, որովհետեւ եթե տարածք գրաված չլինեին…Շատ է շահարկվում նաեւ, թե որ հոդվածի հիման վրա ենք մենք դիմել ՀԱՊԿ-ին՝ 4-րդ հոդվածի հիման վրա ենք դիմել, որտեղ ասվում է, որ անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա մյուս երկրների նկատմամբ: Մենք խնդրել ենք ՀԱՊԿ-ին օգնություն, աջակցություն, այդ թվում՝ ռազմական՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ու ՀՀ տարածքից ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերումն ապահովելու համար»:
Փաշինյանն ասաց, որ նկատի ունեն նաեւ Սոթք-Խոզնավար հատվածի ադրբեջանական զինված ուժերի դուրսբերում. «Մենք սա ֆիքսում ենք որպես քաղաքական նպատակ, որ ագրեսորը պետք է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գա»: Ըստ Փաշինյանի, այն, որ երեկ ՀԱՊԿ-ի նիստը տեղի ունեցավ, դրական փաստ է, տեղի է ունեցել անկեղծ, բաց քննարկում. «Նվազագույն անհրաժեշտ որոշումներ այս փուլի համար կայացվել են»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ